11 11 2024

Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարցում. Գեորգի Շարվաշիձե

Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարցում. Գեորգի Շարվաշիձե

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրել է մի մակարդակի, որը ոչ միայն ավելի կխորացնի երկու երկրների կապերն, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը։ 

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարուստ օրակարգին, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցության հարցերին, հայ-վրացական գործընկերության ակնկալիքներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Պարոն դեսպան, Հայաստանն ու Վրաստանը միշտ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ունեցել։ 2024 թվականի հունվարին Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության միասնական հռչակագիր ստորագրեցին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և այդ հռչակագրի ստորագրումը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է դա կարևոր երկու երկրների հարաբերությունների խորացման տեսանկյունից ։

Վրացիների և հայերի միջև գոյություն ունի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթ: Մեր երկրների միջև համագործակցության ծավալն իր պատմական մակարդակի վրա է տարբեր հարթություններում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էներգետիկ, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ուրախ եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն առանց անձնագրերի՝ միայն կենսաչափական նույնականացման քարտերով սահմանը հատելու արտոնություն ունեն։

2024 թվականի հունվարին Հայաստանը և Վրաստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին, որը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրեց հաջորդ մակարդակին։ Մենք խորապես հավատացած ենք, որ մեր գործընկերության այս նոր հարթությունը ոչ միայն ավելի կխորացնի Վրաստան-Հայաստան կապերը, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը:

Ինչպես գիտեք, այս տարվա մարտին «Bank of Georgia Group»-ի հայտարարության համաձայն՝ Վրաստանը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է աննախադեպ ուղղակի ներդրում, որի շրջանակներում Վրաստանի Բանկը 303,6 մլն ԱՄՆ դոլարով գնել է հայկական խոշորագույն ֆինանսական հաստատությունը՝ «Ամերիա բանկ»-ը։ Ինձ համար ակնհայտ է, որ մոտ ապագայում նշանակալի աճը շոշափելի կլինի մեր ժողովուրդների միջև։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով` սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով Վրաստան այցելեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցերը երկու երկրների ռազմական կապերի վրա։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին 2024 թվականի հուլիսին շատ հաջող այց է ունեցել Հայաստան: Այցի ընթացքում հուլիսի 13-ին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը: Բացի այդ, նախարար Պապիկյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին այցելեց Վրաստան։ Տարբեր ճյուղերի նախարարությունների միջև բարձր մակարդակի այցելությունների այս շատ ակտիվ դինամիկան մեր կառավարությունների միջև չափազանց արդյունավետ համագործակցության վկայությունն է։ Պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցությունը զարգացել է տարիների ընթացքում՝ երկու երկրներին հնարավորություն տալով փոխանակել փորձը պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ինչպես գիտեք, Վրաստանը տարիների փորձ ունի ՆԱՏՕ-ի գործընկերության միջազգային առաքելություններում, ինչպես նաև Եվրոպական միության առաքելություններում: Հարկ է նշել, որ Վրաստանը ռազմական կրթության ոլորտում ձեռք բերեց անգնահատելի փորձ և ռազմական ակադեմիայի հետ միասին հիմնեց սերժանտական զորավարժությունների լայնածավալ կենտրոնն ու ունի բոլոր անհրաժեշտ գործիքներն ապագա սպաների պատրաստման համար։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են Վրաստանում կազմակերպվող կրթական ծրագրերին և բազմազգ զորավարժություններին։ Մենք նաև հյուրընկալում ենք Հայաստանի ներկայացուցիչներին Վրաստանի Պաշտպանական ինստիտուտների կառուցման դպրոցում, որը ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն է տարածաշրջանում և մասնագիտական զարգացման, տեղեկատվության փոխանակման, անվտանգության ու պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև պաշտպանության կառավարման ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում՝ ներառելով տարածաշրջանային և միջազգային համագործակցության խթանումը:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ամիսներ առաջ երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց, և սահմանի որոշակի հատված սահմանազատվեց։ Ինչպե՞ս կգնահատեք այս բանակցությունները, և ընդհանրապես ո՞րն է Թբիլիսիի տեսակետը Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունեն դրանք Հարավային Կովկասի համար։

Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարցում: Մեր կարծիքով՝ խաղաղ գոյակցությունը, երկխոսությունը և կառուցողական համագործակցությունը բխում են բոլորի շահերից։ Վրացական կողմը վերստին իր պատրաստակամությունն է հայտնում՝ նպաստելու և աջակցելու այս գործընթացին այնքան, որքան անհրաժեշտ է և պահանջվում է մեր հարևանների կողմից։ Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ