22 12 2020

Եթե հանրային պահանջը իրենք չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք ԱԺ նիստ․ Իշխան Սաղաթելյան

Եթե հանրային պահանջը իրենք չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք ԱԺ նիստ․ Իշխան Սաղաթելյան

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր ավելի քան երբևէ հայ ժողովուրդը պետք է բռունցք լինի մեր հայրենիքը փրկելու համար։

«Մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը 18:00-ն պատրաստ ենք հանդիպել խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք»։

Նա նշեց, որ դա իրենց ավելի վճռական ու ամուր է դարձնում և որ իրենք այս պահից սկսած աշխատանք ունեն անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: «Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քյալը» խմբակցության պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում: Եթե հանրային պահանջը իրենք չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից ու պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, մենք միասին պետք է հասկացնենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա շեշտեց, որ իրենք պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքների և ցույցերի. «Եթե մեր պահանջն այսօր չի բավարարվելու, մենք գիշերը մնալու ենք հրապարակում: Հանրահավաքը շարունակվում է, տրամադրվեք, մեզնից մի մասը գիշերելու է այստեղ, վաղվա քայլերի ու գործողությունների մասին կասենք ավելի ուշ»,- ասաց նա և հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց երբեք չընկրկել, շատ վստահ լինել, որ հաղթանակը շատ մոտ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ