Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է այն գործակիցը, որով որոշվում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը, մասնավորապես՝ պաշտոնի հաշվարկման ամենամեծ գործակիցն ունի ՀՀ նախագահը, նրան հաջորդում են ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ապա նոր փոխվարչապետը։ Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան աշխատավարձի չափը գրեթե նույնն է՝ համապատասխանաբար 11,5 մլն և 11,6 մլն դրամ։ Իսկ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը 2019–ին ստացել են համապատասխանաբար 19,6 մլն և 19,4 մլն դրամ, որից շուրջ 11 մլն դրամը եղել է նրանց պարգևավճարը. ստացվում է, որ նրանք ամսական միջինում ստացել են 920.000 դրամ պարգևավճար։
Վարչապետից և նախագահից բարձր են վարձատրվել անգամ օրենսդիր մարմնի ղեկավարն ու իր տեղակալները։ Մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 11 ամսում ստացել է 15,6 մլն դրամ աշխատավարձ, որից միայն 6,5 մլն դրամը պարգևավճարն է (հավելավճար), այսինքն ամսական միջինում ստացել է շուրջ 600.000 դրամ պարգևավճար։ Այն դեպքում, երբ շարքային պատգամավորները ամսական միջինում ստացել են ընդամեն 150.000 դրամ։ Իսկ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը ստացել են համապատասխանաբար 12,4 մլն, 12,2 մլն և 12,5 մլն դրամ աշխատավարձեր։ Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն 2019 թ.–ի դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել է 2,9 մլն դրամ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արարատ Միրզոյանը խոսելով ԱԺ–ի աստղաբաշխական պարգևավճարների մասին, հայտարարել էր, որ վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով. որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Արարատ Միրզոյանի ասածից ստացվում է, որ մեր երկրում իր, տեղակալների կամ փոխվարչապետերի որոշումներից ավելի շատ բան է կախված, քան օրինակ երկրի նախագահի, կամ օրինակ իրենց պատասխանատվության չափն ավելի մեծ է, քան պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարինը՝ վարչապետինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը