Factor.am-ի հարցազրույցը քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանի հետ
-Պարո՛ն Վարդանյան, երեկ հայտնի դարձավ, որ Դաշնակցության՝ հոկտեմբերի 31-ի հայաստանյան կոմիտեների գաղտնի ժողովում խոսվել է այն մասին, որ կուսակցությունը պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին։ Պարտիզանական հարվածները սովորաբար հասցվում են թշնամուն, չե՞ք կարծում:
-Նախ՝ չգիտեմ որտեղից եք վերցրել այդ արտահայտությունը և ինչու են որոշ լրատվամիջոցներ կամ որոշ խմբեր այդ արտահայտության վրա փորձում կառուցել անիմաստ հարցեր։ Կարծեմ այսօր էլ խորհրդարանում ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել:
Տեսեք, այդ հավաքից հետո Դաշնակցությունն արել է ծավալուն հայտարարություն՝ ընդամենը 15 օր առաջ, 20 օր առաջ, և ցանկացածդ կարող է վերցնել այդ հայտարարությունը և տեսնել՝ ինչ է եղել այնտեղ խոսելիք։ Թե ինչ են փորձում անել այս շրջանակներում, դա ինձ քիչ է հետաքրքրում: Դաշնակցության հանդեպ սա նորություն չէ, և արդյունքներն էլ գիտենք։ Թող դասեր քաղեն անցյալից։ Բայց ես քանիցս ասել եմ, իբրև նախկին դաշնակցական, ես Դաշնակցության գործողությունները չեմ մեկնաբանում սովորաբար: Բայց այս պարագայում ակնհայտ է, որ որոշակի ուղղությամբ քարոզչություն է տարվում։ Սա էլ կանցնի։ Եվ եթե թշնամու մասին ենք խոսում, եկեք այլ բան նայենք: Այսօրվա իշխանությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործող խորհրդարանական և ոչ խորհրդարանական կուսակցություններից ո՞ւմ հետ է ոչ թշնամական հարաբերությունների մեջ։
Այսինքն, բոլորին մերժել, որևէ մեկի հետ որևէ խնդիր չքննարկել: Մենք ի՞նչ ունենք այսօր՝ իբր թե խորհրդարանական հանրապետություն, որտեղ հիմնական օրակարգերը պետք է ձևավորվեն քաղաքական ուժերի միջև կոնսուլտացիաներով, քննարկումներով, միմյանց համոզելով, ապացուցելով, փաստարկներով, բայց մենք ունենք պառակտված քաղաքական դաշտ, մի դիրքում «Իմ քայլը» կոչվող խմբակցությունն է կամ կուսակցությունը, և բոլոր մյուսներն իրենց համար թշնամիներ են, իրենք են թշնամիներ ստեղծում։
-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է վարվի իշխանությունն այսպիսի հայտարարությունից հետո։
-Դուք նորից վերադառնում եք նույն տեղը։ Նորից եմ Ձեզ հիշեցնում, Դաշնակցության բոլոր կառույցների այդ հավաքից հետո Գերագույն մարմինն արել է ծավալուն, եթե չեմ սխալվում՝ 2 էջանոց հայտարարություն, վերցրեք այդ հայտարարությունը, կարդացեք և այդ հայտարարությունը մեկնաբանեք, ոչ թե այստեղից լսված կամ այստեղից-այնտեղից հրամցվող ինչ-որ մի երկու բառ արտահայտություն դարձրեք քարոզչության թեմա։
-Բայց դա ներքին հրահանգ է եղել:
-Դուք նորից պնդում եք Ձեր 100 տոկոսանոց ճշմարտությունը, կարծես այս իշխանության առաջին դեմքը լինեք կամ իշխանության տասներորդական դեմքերը, որոնք ճշմարտություններին տիրապետում են և որևէ մեկը խոսելու իրավունք չունի։
-Այդ դեպքում ինչո՞ւ Դաշնակցությունը չի հերքել:
-Դաշնակցությանը հարցրեք։
-Պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ ամբիոնից բոլորի ուշադրությունը հրավիրել է այն մեղադրանքների վրա, որոնք ուղղված էին Դաշնակցությանը 1990-ականներին: Պարոն Բաբաջանյանը խոսել է «Դրո» կառույցից, թմրանյութերից, Հոկտեմբերի 27-ից…
-Խոսքն այն մարդու մասին է, որը համագործակցել է նախկին բոլոր հնարավոր պաշտոնյաների հետ, որը դասալիք է և իր մոր դեմ ցուցմունք է տվել դատարանում, խուսափել է բանակից ակնհայտ կեղծ տվյալներով և դրա համար դատապարտվել է։ Խոսքն այն մարդու մասին է, որն այս ամբողջ ընթացքում զբաղված է եղել կեղծ տեղեկություններ տարածելով և բազմաթիվ դատական ատյաններում պարտվել է, և այդ մարդն այսօր ֆեյք նյուզերի դեմ օրենսդրական նախաձեռնություն է փորձում անել։ Նման մարդկանց ես չեմ մեկնաբանում, նման մարդ ինձ համար գոյություն չունի։
-Պարո՛ն Վարդանյան, երկու օր առաջ կես միլիարդ դրամի հափշտակման գործը կազմակերպելու փաստով մեղադրանք առաջադրվեց Հայաստանի երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա նրան ներկայացվեց մեղադրանք։
-Դա էլ կարելի է հարցնել այսօրվա իշխանություններին: Այդ խոսակցությունը պարբերաբար շարունակվում է, երբ հրապարակի վրա լինում են կարևորագույն արարողակարգեր, կարևորագույն հարցեր, երբ իշխանությունն զգում է հակազդեցության հնարավորություններ իր հակառակորդների կողմից, փորձում է անընդհատ նոր թեմաներ մեջտեղ բերել։ Տեսեք՝ մենք ի՞նչ ունենք այսօր։
Մենք ունենք ակհայտորեն ապօրինի կալանավորված երկրորդ նախագահ, մենք ունենք մեղադրանք առաջադրված, իմ կարծիքով՝ բացարձակապես անհամապատասխան և կեղծ մեղադրանք երկրորդ նախագահին։ Կարծում եմ՝ այստեղ խնդիր կա նրան թույլ չտալ Հայաստանից բացակայելու։ Իշխանությունը վերջին շրջանում խոսում է արդեն ոչ թե վերջին 20 տարվա, այլ վերջին 30 տարվա թալանի մասին։ Եվ այս տենդենցը եթե շարունակվի, բացառված չէ, որ մենք կունենանք նաև առաջին նախագահի հետ կապված գործողություններ: Ամեն ինչ մերժելու, բոլորին ջնջելու այս նույն մտայնությունն է, և փորձ է արվում նախագահին, որն ունի սահմանադրական անձեռնմխելիություն… այս կարգի բաներն ապացուցում են, որ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ։ Իսկ եթե իրավական պետություն չէ, ուրեմն նաև ժողովրդավարության հետք չկա Հայաստանում, և մենք ստանում ենք ամեն օր նորանոր էքսցեսներ, և այս ամենը միայն ժպիտ է առաջացնում։ Ես վստահ եմ, որ այս գործը ևս որևէ հեռանկար չունի։ Գիտե՞ք, երբ մարդը մտածում է, որ իրենից առաջ ոչինչ չի եղել, ուրեմն մտածում է, որ իրենից հետո ոչինչ չի լինելու։ Եվ այն քայլերը, որ կատարում է այս իշխանությունը և իշխանության առաջին դեմքը այս ամբողջ ընթացքում, վկայում է մեկ բանի մասին՝ մենք գործ ունենք բացարձակ մեկ անձի իշխանության հետ, և այդ անձը ունի բազմաթիվ հակասական հայտարարություններ, անհավասարակշիռ վարքագիծ, ներքին ինչ-որ վախեր, ճշմարտության միակ կրողը լինելու կեցվածք, Հիսուսի նման աշխարհը փոխելու մտասևեռում։ Սրանք հատկություններ են, որոնք բնորոշ են որոշակի տեսակի մարդկանց և վտանգավոր հատկություններ են:
-Դուք խոսեցիք այն մասին, որ բացառված չէ, որ մենք կունենանք առաջին նախագահի դեմ արվող գործողություններ։ Դուք ենթադրում եք, որ մեղադրանք կառաջադրվի նաև առաջին նախագահի՞ն:
-Ես դատում եմ իրողություններով, վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները փոխել են արդեն իրենց հռետորաբանությունը, և նաև խոսում են առաջին նախագահի գործունեության շրջանի մասին, 1991 թվականից սկսած՝ չարիք են բոլոր նրանք և այլն։ Նրանք էլ նրան են ասում չարիք։ Այսինքն, եթե մի շրջան փորձում էին արհեստականորեն ստեղծել և նաև առաջին նախագահի շրջապատով վերջին 20 տարվա վրա սևեռումը ռոբերտասերժական ռեժիմը, հիմա սահուն գնում և դառնում է լևոնառոբերտասերժական ռեժիմ այս մարդկանց համար, որոնք կարծում են, թե իրենք աշխարհի Ալֆան և Օմեգան են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը