«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:
« 1. Գերիներ
ՔՊ-ն չքվեարկեց Բաքվում պահվող գերիների վերադարձի Ազգային ժողովի հայտարարությունը: Ալիեւից վախենալու հերթական դրսեւորումը։
Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Իշխանյան։ Լեւոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան. այս մարդկանցից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները եւ, բնույթին համաձայն, ուրացել ու դավաճանել։ Նիկոլի կամակատար, արժանապատվությունից զուրկ ՔՊ-ականները' նույնը։ Մեր գերիների վերադարձի խոչընդոտը նրանք են։
Գործող Սահմանադրությամբ արտակարգ դրության, ռազմական դրության ժամանակ ՀՀ-ում ընտրություններ չեն անցկացվում։ Բերել են փոփոխության առաջարկ՝ ընտրություններին, ձայների հաշվարկման ընթացքում, մինչեւ արդյունքների ամփոփումը, եթե արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվի, ընտրությունները չեղարկվում են։ Ոչինչ, որ միջազգային փորձը նման կարգավորում չգիտի։ Ողբերգականն այլ բանում է. գրեթե բոլորը մտածում են' Նիկոլը սա անում է, որ իր համար անցանկալի իրավիճակի դեպքում Ալիեւի միջամտությամբ կարողանա ընտրությունները չեղարկել։ Երկրի այսպիսի սոցիալահոգեբանությամբ ղեկավար ունենալն է ամոթ եւ խայտառակություն։
«Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ». Նիկոլ Փաշինյան։ Մի քանի տասնյակ երկրներ Անկախության հռչակագիր ունեն։ Ան-կա-խու-թյան։ Այսինքն' անկախ պետություն, ինքնիշխանություն։ Հիմա պատկերացրեք, որ այս նախադասությունը ասում է Միացյալ նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Իսրայելի ղեկավարը։ Բայց ինչո՞ւ է սա ասում սա։ Պարզ պատճառով։ Անկախության մեր հռչակագիրը խանգարում է Ադրբեջանին ու Թուրքիային։ Իսկ սրա իշխանության մնալը այսօր ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ Ինքնիշխանություն բառի ՔՊ-ական ստուգաբանություն. ինքնիշխանությունն այն է, երբ մենք ենք իշխում։
Նաեւ՝ կամավոր բառի նիկոլական ստուգաբանություն. ասում է՝ այսօր կամավորը շոշափելի վարձատրություն է ստանում բյուջեից։ Բյուջեից վարձատրություն ստացողը կամավոր չէ։ Վարձու աշխահող է։ Ինչպես Պետրոս Ղազարյանը։
Բոլոր զիջումների, նվաստացումների սրանց բացատրությունը՝ հարափոփոխ աշխարհում ենք ապրում, նոր իրականության մեջ ենք։ Բայց փոփոխվող աշխարհում մեր պետությունն այս վիճակում հայտնվել է ձեր պատճառով։ Աշխարհը նորից է փոխվելու, նորից գլուխկոնծի՞ եք տալու եւ այսօրվա հակառա՞կն ասեք։ Փոփոխությունները հնարավորություն են, որ սրանք մսխեցին։ Ու հիմա իբրեւ արդարացում բերում են պատմական ու իրական Հայաստանի ապուշ հակադրությունը։
«Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայերի ցեղասպանությունը». Նիկոլ Փաշինյան։ «Նրանց (Ադրբեջանի, Թուրքիայի) նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում' իսպառ բնաջնջումը։ Արցախը մեր Հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջում ոչ մի գնով». Արարատ Միրզոյան։
Հիմա Նիկոլի ասածը դրեք Էրդողանի գիրքը կրծքին սեղմած լայն ժպտացող լուսանկարի կողքին։ Արարատի ասածը համեմատեք իր արածի հետ։ Մարդ ինչքան իշխանության մեռած պիտի լինի, որ նման տրանսֆորմացիա ապրի ու ամոթից գետինը չմտնի։ Հիմա մտածեք. Լեւոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը նման բան կանեի՞ն։ Մարդ ինչքան պետք է չհարգի ինքն իրեն, որ քամելիոն դառնա։ Այո, հարգանքի արժանի չեք, ինչ կաք՝ կաք։ Բայց երբ երկրի ղեկավարներն են այդպիսին, ոչ ոք չի հարգում այդ պետությանը։ Այստեղ է ողբերգությունը։
Արդեն երկրորդ անգամ ԱԺ ամբիոնից խոսում է իրենց սպանելու կոչված իմ չասած մահապարտների մասին։ Եւ քանի որ մինչեւ հիմա սարսափում է Վազգեն Սարգսյանի ստվերից, ենթագիտակցորեն ասում է՝ 500 մահապարտ։ Փոխանցեք, որ ինձանից չվախենա։ Բայց եթե ամոթ ունենար, կամաչեր։ Նաեւ՝ ինձնից։ Թող սարսափի իր արածից, մորուքով, թե սափրված իր կերպարից։
Բնականաբար սափրվելը հետեւանքներ էր ունենալու։ Պատկերացնո՞ւմ եք՝ թախանձագին խնդրել է թողնել պաշտոնները։ Թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք։ Սրանք էլ ռադ են եղել։ Նախորդ քառօրյայում հայտարարություն էի պատրաստել իրար ուտելու մասին։ Բայց որոշեցի չասել-չխանգարել։ Այսօր պետական ռեպրեսիվ ամբողջ ապարատը, ՔՊ-ականների կեղտոտ քարոզչությունը ուղղված է ընդդիմության դեմ։ Արդյունքներից դժգոհ է։ Փորձում է 0 կետից սկսել։ Նույն կանխատեսելի հետեւանքներով։ Ողբերգությունը վերածվում է ֆարսի։ Դեպքերի զարգացման մի քանի սցենար կա։ Կապրենք, կաշխատենք, կտեսնենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը