Է․Խ․ Վերջակետ։ Էդուարդ Խարազյան 85-ամյա հրաշամանուկը գնաց։ Զարմացրեց աշխարհն իր զարմանալի գոյությամբ, գնաց արթնացնելու իրենից առաջ գնացածներին։ Իր բարձր հասակը, հսկա ձեռքերը, կեպին, ուշ սովորած իր զվարթ հայոց լեզուն, նկարները, նկարակալները, ներկերը, վրձինները։ Իր Թումանյանը, Չարենցը, իր Հասոն, իր Վանոն, Ալեքսեյ Մատվեիչը, իր Հրաչ Թամրազյանը, Հրաչյա Սարուխանը, իր Լեւոն Խեչոյանը։ Քոչար 13-ի 3-րդ, 9-րդ, 7-րդ հարկերի արվեստանոցները, 35 տարվա մեր բոհեմը, բաժակ-բաժակ տաքացող զրույցները, Թիֆլիսից բերած՝ Երեւանը զարդարած իր գույնը, Համաշխարհային բանկի, Չիլիի կուտակային պրոֆեսորներին հրահանգի պես իջնող իր դասերը, իր Ձորաղբյուրը, իր կարմիր բազմոցը, ձայնարկիչը, Իսրայելյան Վրեժի հետ խելագարների պարը։ Ձեռքերը հողի մեջ խրած, զլուխը հայկական հեքիաթների երկնքում՝ իր կյանքը, իրենից հեռացող իր Հայաստանը։
Եւ 24 ժամ հնչող Մեծարենցի տողը. «Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կմաշի»։
Աղվան Վարդանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը