Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական կողմը պատրաստակամ է զարգացնել թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը, ընդգծելով մեր երկու ժողովուրդների դարավոր կապը, խոսել է դրանց աշխուժացման կարևորության մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը։ Կողմերը քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հնարավորությունները՝ հիմք ընդունելով միմյանց ազգային շահերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը