Ռոբերտ Քոչարյանի <<Կյանք և ազատություն>> գիրքը նորից բախվեց Երևանի քաղաքապետարանի իրավական անգրագիտությանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնտրա Լեգեմ փաստաբանական բյուրոյի նախագահ Ալեքսանդր Կոչուբաևը: Փաստաբանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
Արդեն հաշիվս կորցրել եմ, թե որքան աղաղակող խախտումներ կան այս գործընթացում: Անգամ մի կողմ էի դրել իմ իրավական սկզբունքները և նոր դիմում էի մուտքագրել, սակայն այն ևս հանդիպեց իրավասուների կամ նրանց դրդիչների երևակայական պատնեշներին: Ակնառու է, որ քաղաքապետարանը չի ուզում, որ Ռոբերտ Քոչարյանի <<Կյանք և ազատություն>> գիրքը գովազդվի: Երևի ինչ-որ թաքնված վտանգներ է տեսնում անգամ գրքի անվանումից և հեղինակի անունից, որ սասանվում է ու դարակազմիկ ապօրինություններ անում: Հիմա բուն խնդիրը: Գովազդի թույլտվության դիմում էի ներկայացրել:
Վարչական շրջանների տեղապահները դիմումի ուսումնասիրության արդյունքներով գտել էին, որ ես ունեմ լիազորագրային խնդիրներ, իբր թե ես լիազորված եմ ներկայացնելու տնօրենին՝ որպես ֆիզանձի, այլ ոչ թե ՍՊԸ-ի ղեկավարի: Նշեմ, որ լիազորագրի մեջ հստակ վերապահում կար, որ տնօրենը հանդես է գալիս որպես ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար և ինձ լիազորում էր հանդես գալ ՍՊԸ-ի անունից:
Լավ, գուցե ստեղ կան վիճելի հարցեր: Սակայն ինչպես հասկանալ վարչական շրջանների նաչալնիկների այն պահանջը, որ ի հավաստումն տնօրենի լիազորությունների պետք է ներկայացնեմ նաև ընկերության պետգրանցման քաղվածքը և կանոնադրությունը:Գուցե վաղն էլ տեղեկանք ուզեք, որ իմ ներկայացրած տեղեկանքները իսկական են: Կամ գուցե ժեկից թուղթ բերեմ, որ վկայի տնօրենի աշխատանքի ներկայանալու մասին:
Հարցի իրավական ասպեկտները՝ Համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Վկայակոչված նորմի ուժով՝ իմ ներկայացրած փաստաթղթերի համաձայն դրանում նշված անձը հանդիսանում է ընկերության տնօրեն, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Այնուհետև՝ նույն հոդվածի համաձայն՝ արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Ինձանից պահանջվել է ներկայացնել ընկերության պետգրանցման քաղվածքը և կանոնադրությունը այն դեպքում, երբ այդպիսի պահանջ որևէ նորմատիվ իրավական ակտով չի սահմանվում: Բացի այդ՝ ինձանից պահանջվել է բերել փաստաթղթեր, որոնք հավաստելու են նախկինում ներկայացրած փաստաթղթերը:
Եվ վերջապես, եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: Կարծում եմ ակնառու է, որ փաստաբանից վերը նշված տվյալների պահանջը որևէ աղերս չունի քաղաքապետարանի ինքնուրույն և իր հաշվին միջոցների ձեռնարկման հետ:
Ինչևէ գիտակցելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի <<Կյանք և ազատություն>> գիրքը դարձել է քաղաքական խնդիրների լուծման միջոց և որ այստեղ վաղուց իրավական ոչինչ չկա՝ պահանջվող փաստթղթերը ևս ներկայացրել եմ: Սպասենք հետագա զարգացումներին, լիահույս եմ, որ քաղաքապետարանը կգիտակցի, որ Գիքորն էլ չէր ուզում քաղաք գնալ, բայց ստիպելով տարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը