2018-ն ավարտվում է։ Բավականաչափ ծանր էր տարին՝ լի իրադարձություններով, որոնք կբավականացնեին մի քանի տարի բուռն ապրելու համար։
2018-ը մի քանի հաստատումներ արեց․
Նախ ապացուցեց, որ բոլորովին սուտ են պնդումները, թե տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի։ Տարին, մենք դիմավորեցինք հանգիստ, ճանապարհում ենք անհանսգտացած, Նիկոլ Փաշինյանը դիմավորեց որպես ԱԺ պատգամավոր, որը, ըստ Վրաստանի նախկին նախագահի, անգամ ավտոմեքենան չէր կարողանում լիցքավորել, բայց հիմա տարին ավարտում է հարկատուներիս հաշվին։ Եվ ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանը դիմավորեց որպես նախագահ, ավարտեց որպես հիմնական կեցավայր ու գրասենյակ չունեցող պատվավոր թոշակառու, չնայած օրենքը երկուսն էլ պարտադրում է տրամադրել։ Yerevan.Today-ը տարին դիմավորեց 12 համակարգչով, բայց տարվա մյուս մասը շարունակեց դրանից 5-ով պակաս։ Ընդահանրապես, բոլորս տարին դիմավորեցինք որպես շարքային ՀՀ քաղաքացի, բայց ավարտում ենք «հպարտ քաղաքացի» տիտղոսը շալակած։ Բայց դրանցի ո՛չ սեղանի պարունակությունն է ավելանում, ո՛չ էլ հպարտություն բերող որևէ գործընթաց կա կամ առիթ։
Հայաստանը 2018-ն ավարտում է մի քանի տարվա, անգամ՝ տասնամյակների կյանք մեկ տարում ապրած։ Մենք տեսանք բաներ, որ չէինք տեսել երբևէ։
Խոսքը հեղափոխության մասին չէ, Հայաստանը հեղափոխություն տեսել է։ Աշխարհի շատ երկրներում են լինում հեղափոխություններ, բայց Հայաստանինը բացառիկ էր․ այն կոչվեց և ամրապնդվեց որպես հեղափոխություն՝ ունենալով հեղափոխության հետ միայն մոտավոր առնչություն։ Ինչո՞վ, արյուն չթափվե՞ց․ ոչ, անարյուն հեղափոխություներ այլ երկրներում էլ են լինում։ Բա ինչո՞վ էր բացառիկ, Սորոսի ռեսուրսնե՞րն էին անխնա օգտագործվում։ Ոչ, նա այլ երկրներում էլ աջակցում է հեղափոխական և հատկապես իշխանափոխության գործընթացներին։ Առանձնացավ նրանով, որ որևէ այլ երկրում հեղափոխության պարագայում իշխանություն են գալիս մարդիկ, որոնք ունեն կամ որոնց թիմում շատ են մարդիկ, որոնք ունեն անցյալ, կենսագրություն և բերում են նոր մոտեցումներ՝ կոնցեպտ։ Հեղափոխական Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից նման մարդիկ մեկ-երկուսն են։ Չեկան մարդիկ, որոնք տիրապետում են պետական կառավարման ինտիտուցիոնալ հիշողությանը, գաղափարի, որ ունեն բավականաչափ գիտելիք՝ պետություն կառավարելու համար, որ տեղյակ են դիվանագիտական այբուբենի գոնե առաջին երեք տառերին՝ վարչապետից սկսած։ Շատ են մարդիկ, որոնք պետական կառավարման և ընդհանրապես, քաղաքականության մեջ «չոչ են անում», բայց վայելում են, մեր և պետության հաշվին։ Ասում են, որ ամեն օր դասընթաց են անում՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է ԱԺ մտնել և գնալ-նստել իրենց աթոռներին։ Ֆիլմի հերոսը կասեր՝ «Տո ալամեզոն, դու սեղան նստո՜ղ ես, դու կենաց ասո՜ղ ես․․․»։ Այ նման կարգավիճակով։
Առաջին անգամ մեր երկրում բացահայտորեն, պնդաճակատորեն, գռեհիկ ձևով հրաժարվեցին նախորդ ելույթներից, խոստումներից, կոչերից, և գործի դրեցին համաշխարհային պոպուլիզմի գոհարները։
Առաջին անգամ մեր երկրում մարդիկ եկան իշխանության պարզապես պաշտոն ունենալու համար։ Սկսեցին կոչումներ ու տիտղոսներ բաժանել աջ ու ձախ, խոշոր բիզնեսմեններին դարձրին սեփականատեր, սեփականատերերին՝ հանցագործ, հանցագործներին՝ իրենց կամքն ազատորեն արտահայտած մարդիկ ։
Մենք տեսանք ու հաշտվեցինք, թե ինչպես են խոստանում արագաչափերը վերացնել, կարմիր գծերն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն էլ հետը, բայց իշխանության գալուց հետո արագաչափերը շատացնում են, կարմիր գծերը՝ մգացնում, կուտակային համակարգին դեմ նախարարներին էլ պարտադրում հակառակը քվեարկել։
Մենք ունեցանք իրավիճակ, երբ միջակ գիտելիքներով իրավաբանները նշանակվեցին շատ կարևոր քննչական պաշտոններում։ Այսօր արդեն, բուհերում ու դպրոցներում նրանց օրինակով սաներին ցույց են տալիս, թե ինչպիսի պաշտոնյա ու հատկապես՝ մարդ երբեք չի կարելի լինել։
Մենք տեսանք, թե ինչպես կարելի է բանակի հիմքը հանդիսացած գեներալների ու պաշտոնյաների նկատմամբ քրգործ հարուցել ու վարկաբեկել, իսկ միջակ գիտելիքներով ու թերացած գեներալներին՝ նշանակել բարձր պաշտոնի։ Ինչ տեսել-տեսել էինք, բայց չէինք տեսել, որ մարդու դեմ ցուցմունք տալու համար երկրի ղեկավարի խորհրդական նշանակեն։
Մենք տեսանք, թե ինչպես խարդախության համար մեղադրված անձի ցուցմունքի հիման վրա Հայաստանի խոշոր հեռուստաընկերության տնօրենին և խոշորագույն կառուցապատողին կարելի է կալանքի տակ պահել, որպեսզի ցուցմունք կորզեն։
Մենք ապացուցեցինք, որ կարող են լինել բազմաթիվ տարօրինակ դեպքեր, երբ, ասենք, քաղաքացին անհայտ մարդուն տա ավելի շատ քվե, որքան տալիս էր նախկինում չափազանց հայտնի մարդուն։
Մենք տեսանք, որ կարելի է սկզբունքային նշանակության հարցերը մեկ գիշերում դարձնել հիսուներորդական նշանակության և հենց այն պատճառով, որ այդ հարցի հասցեատիրոջ համար երևի թե արժանապատվության ու պետության շահն էլ է հիսուներորդական։
Մենք տեսանք, որ կարելի է հեռախոսով արդարադատություն անցկացնել, ցուցում տալ կալանավորելու կամ խափանման միջոցը փոխելու, իսկ հետո արդարացնել դա։
Մենք տեսանք, որ կարելի է ընդդիմադիր ուղղվածությամբ լրատվամիջոցի վրա ջոկատ ուղարկել ու առգրավել տեխնիկան, քանի որ լրատվամիջոցը համարձակվում է քննադատել մարդու, որը երկիրը սարքել է օրաթերթ, իրեն՝ գլխավոր խմբագիր։
Մեր ժողովուրդն առաջին անգամ սկսեց սովորել բոլոր այն բաներին ու սիրելի համարել դրանք, արդարացնել ու հաճույք ստանալ, որոնք մինչ այս քննադատում էր և որոնց դեմ բողոքի ցույցեր անում։
Առաջին անգամ մենք ողջ աշխարհին պարտադրեցինք հաշվի նստել երկրի ներսում ընթացող գործընթացների հետ, ու արդյունքում ինքներս մեկուսացանք աշխարհից, քանի որ աշխարհի վրա մատ էին թափ տալիս մարդիկ, որոնց տեղը պետության մեջ բոլորովին այլ էր, մոտավորապես այնտեղ, որտեղ գտնվում էին մինչ իշխանության գալը։
Մենք սկսեցինք ամենակարևոր կառույցը համարել ԱԱԾ-ն, այն դեպքում, երբ նրա բացահայտումները պահակի հաստիքը գրած ու գումարը յուրացրած տնօրենի բացահայտելու մակարդակով էր։ ԱԱԾ տնօրեն, որը ստիպված էր ներողություն խնդրել արագ ու չկշռադատված խոսելու ընթացքում լեզվին տիրապետել չկարողանալու համար։
Մենք սովորեցինք ունենալ նախարար կամ վերահսկողական ծառայության ղեկավար, որոնք որ հիմնարկի դեմ խոսում են, ստանում են արձագանք, որ՝ դուք չեք տիրապետում ոլորտին և սպառնում են դատարանով։
Մենք սովորեցինք, որ նախորդ կառավարության անդամները ՏՏ ոլորտից հեռու էին և մեծամասնությունն անգամ ֆեյսբուքում գրանցված չէր, իսկ նորերն էլ այնքան առաջընթաց են ապրել, որ ֆեյք էջերով են հիմնական աշխատանքը ծավալում։ Ճիշտ գյուղացու զարգացած էշի և քաղաքացու ձիու մրցավազքի մասին ասացվածքի նման։
Առաջին անգամ ունեցանք իրավիճակ, երբ երկրի ղեկավարը հանրահավաք է անում հայտարարելու համար, թե ով որքան գումար ունի բանկում, որ բանկում և ինչ է լինելու դրա հետ։ Ու ամիսներ անց նույն մարդն ու մի քանի այլ մեծահարուստներ որոշեցին «կամովին» ունեցվածքը կտակել պետությանը։
Մենք համոզվեցինք ճշմարտության մեջ այն խոսքի, որ աղքատը միանգամից շատ գումար տեսնելով՝ դառնում է ամենաագահը։ Այդ ագահները սկսեցին պետական բյուջեի միջոցների նկատմամբ վարվել թշնամու պես։ Այնքան ատելի էին այդ միջոցները, որ անխնա մսխում էին, միայն թե շուտ վերանան։
Մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է բյուջեի անխնա ծախսը, ընտրովի արդարադատությունը, անգամ թանկարժեք տոնածառն ու մերժելի շատ բաներ համարել ժողովրդի պահանջ և թաքնվել քվեի հետևում։
Մենք հաջողացրինք դատավորին սարքել փալաս ու պարտադրել որոշում, իսկ հետո միևնույն է՝ շարունակեցինք հայտարարել, որ նրանք երբեք այսքան անկախ չեն եղել։
Մենք առաջին անգամ տեսանք, որ որևէ երկրի ղեկավար կարող է ուղիղ եթերով ցույց տալ հարկատուների հաշվին պահվող իր զուգարանը և ննջասենյակը ու չգիտես ինչու՝ հպարտանա դրանով։
Մենք ունեցանք վիճակ, երբ վարչապետը հայտարարում էր, թե հեղափոխությունը որևէ երկրի հետ կապ չունի, բայց պաշտոնյաները հերթով ընտանիքով Ամերիկա էին գնում՝ հեղափոոխության արդյունքները ներկայացնելու։
Մենք կարողացանք միջազգային բառարաններում նույն հարթության վրա դնել հեղափոխությունն ու ամենաթողությունը։
Մենք օրինակ ցույց տվեցինք ողջ աշխարհին, թե ինչպես կարելի է միջակ ոստիկանին Հանրապետության ոստիկանապետ կարգել, տառասխալներով գրողին՝ կրթության նախարար, իսկ վարսահարդարին՝ վարչապետի օգնական պատասխանատու պաշտոնին, որն իրավունք ունի կրելու պետական գաղտնիք՝ օրենքով։
Մենք տեսանք, որ տարվա ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը կալանավորելու որոշում կայացրեց երկրում ամենադրական արդյունքները գրանցած նախագահի նկատմամբ, իսկ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորի վրա երկրի վարչապետը մատ թափ տվեց, թե՝ լավ արդարադատություն չես իրականացնում։ Իսկ վերջում ուժի մեջ թողեցին նույն ամենացածր վարկանիշով դատավորի կայացրած վճիռը։
Մենք ունեցանք վիճակ, որ որևէ խոստում չկատարվեց, բայց մենք չկատարված բաները ներկայացրինք որպես գերակատարված պլան։
Առաջին անգամ մենք մեր միջազգային կշիռը կարողացանք «բարձրացնել»՝ ի լուր աշխարհի ասելով, որ կարող ենք հարևան երկրի պաշտպանության նախարարին փոխել՝ նրա խոսնակի գրառման պատճառով։ Ի՞նչ փույթ, որ այդ հարևան պետությունը դարձյալ մեր հայրենիքն է, խոսնակի քննադատությունն էլ՝ արդարացի։
Մենք ցույց տվեցինք, որ միասնականություն կարող է չլինել նաև պատերազմական երկրում, որին օդ ու ջրի պես հարկավոր է այդ միասնականությունը, և կարող ենք պետության հիմքերը խարխլել՝ հանուն պաշտոնափոխության։
Մենք կարողացանք արդարադատություն անել յուրովի՝ գործ բացել, որովհետև ինքներս համարում ենք դա ճիշտ, թքած որ գործը քննողը համարում է, որ «գործը ջուր է»։
Միայն մեզ մոտ ու միայն առաջին անգամ եղավ այնպես, որ երկրի ղեկավարն ամբիոնից ստեր ասի, իսկ ներքևից գոռան «Ուռա՜»։
Մենք տեսանք որ երբ իշխանություն է փոխվում, իշխանավորը փոփոխում է նաև պատմությունը, նախկին նախագահին, սահմանադրական կարգը պահպանելու համար, մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ և քաղաքական հետապնդման դասական իրադարձություններով լցնում լրահոսը։
Մենք առաջին անգամ հայտարարեցինք, որ մեր մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, այն բանից հետո, երբ իրավապահներն այցելել էին երեք խմբագրություն, որից մեկից առգրավում էին կատարել։
Հայաստանում բացվեց առաջին տիկնոջ հաստիք, որը պետբյուջեի հաշվին սկսեց աշխատանքային այցեր կատարել՝ չմոռանալով հետը տանել թիկնապահների, օգնականների։ Շուտով կստանա հսկայական շենք, որի պահպանման ծախսերն այնքան շատ էին, որ ծախսեր չանելու համար՝ պետությունն աճուրդի էր հանել։
Միայն մեր երկրում կատարվեց այնպես, որ վարչապետն ուրախացավ 37 հազար աշխատատեղ բացելու համար և ոգևորությունն ամբողջական դարձնելու համար փակեց 100 հազար պետական ու մասնավոր աշխատատեղեր։ «Միամտաբար», առաջինն ասաց ընտրություններից առաջ, իսկ երկրորդը՝ անմիջապես ընտրություններից հետո։
Մենք կարողացանք քննադատել նախկին նախագահին՝ սուպերմարկետի բացման մասնակցելու համար, բայց գովել վարչապետին, որը մասնակցում է տոնածառի բացմանը, որն արժեցել է 200 հազար դոլար։ Սա էլ այն դեպքում, երբ պետական միջոցները խնայելու համար աշխատատեղեր են փակվում։
Մենք ցուցադրեցինք մեր սերը Ռուսաստանի նկատմամբ և խոստացանք հանուն ԱՄՆ շահերի փակել Իրանի ու անգամ՝ Վրաստանի սահմանը՝ միանշանակ հետապնդելով Հայաստանի «շահը»։
Մենք սովորեցինք տեսնել մեր երկրի մաս-մաս քանդվելը, բայց դա չտեսնելու տալ, քանի որ այդ ամենի հեղինակին համարում ենք կուռք և որի նկարով արդեն մոմ, օղի, մայկա, գլխարկ ենք պատրաստել։
Մենք հայտարարեցինք որ մեր երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ են ներդրումներ ու դրանք հերթ են կանգնել և անմիջապես իրավապահների արշավներ ուղարկեցինք՝ պարտադիր նկարահանելով և զուգորդելով սրտաճմլիկ տեքստերով։
Մենք դանդաղեցրինք կրկեսի շենքի շինարարությունը, քանի որ կրկես ենք դարձրել ողջ երկիրը։
Մենք այս ամենը հպարտորեն անվանեցինք Նոր Հայաստան։
Մեր երկրում վերջին 30 տարում եղան լավ ու վատ շատ փոփոխություններ, բայց այդ ամենից պնդացած դուրս չեկանք։ Հակառակը։
Նախորդ տարիներին փոփոխությունների քչերն էին սպասում, մարդիկ գիտեին, որ պետությունը դանդաղ առաջ է շարժվում, խնդիրները կուտակվում են, լուծումները՝ դանդաղում և իշխանության հետ հույսեր չէին կապում։ Հիմա բոլորը սպասում են կտրուկ փոփոխությունների, իսկ սթափ միտքը կանխազգում է մեր գլխին կախված վտանգը։
Եթե Հայաստանի նոր իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, ապա մեզ մոտ կգործեն սովորական միջազգային ստանդարտները բոլոր հեղափոխական երկրների համար՝ իրենց անփառունակ արդյունքներով։ Իսկ պրակտիկայում չկա երկիր, որտեղ հեղափոխությունից հետո սկսել են լավ ապրել ու ավելի լավը դառնալ։
Տա Աստված՝ սխալվենք, բայց այս պահին հիմքեր չունենք այդպես մտածելու։
Ինչպես ասում են՝ թող ամեն ինչ լավ լինի, չուզողն էլ մենք լինենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը