27 09 2018

ԱԱԾ տնօրենը շարունակում է խոստանալ …

ԱԱԾ տնօրենը շարունակում է խոստանալ …

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Այս մասին սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»,- կարճ պատասխանեց ԱԱԾ տնօրենը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին՝ հայտնի ու աղմկահարույց գաղտնալսմանը վերաբերող հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ, ԱԱԾ տնօրենը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի ունեցվածքին, նշեց. «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»։

Երկրորդ նախագահը սեպտեմբերի 12-ին Yerevan.Today-ին տված հարցազրույցում անդրադառնալով մեղադրանքներին, ասաց. «Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար: Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ»:

Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակային հերքում:

ԱԱԾ տնօրենն էլ իր հերթին խմբագրել էր խոսքը. «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»: 

Քոչարյան ընտանիքի ունեցվածքի մասին հերքումներն ու հաստատումները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ