Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»), հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
«Համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Անգելիկումի էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:
Համաժողովին իր մասնակցությունն է բերել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր ողջույնի խոսքն է փոխանցել համաժողովի մասնակիցներին։
Վրթանես Սրբազանը անդրադարձ է կատարել տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմին և բռնի տեղահանությանը, ինչը խախտել է այն հազարամյա ներդաշնակությունը, որը տիրում էր տարածաշրջանում՝ արցախցիների տեղաբնակությամբ պայմանավորված:
Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ ներկայումս պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը, ինչը ստեղծվել է նվիրական հավատքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ` հիշեցնելով և կոչ անելով, որ գիտական միտքը պիտի դառնա գերիշխող քաղաքական մտքի նկատմամբ, որպեսզի օբյեկտիվ արդարությունը տեսանելի լինի։
Վրթանես Սրբազանը նաև կոչ է արել քրիստոնյա աշխարհին՝ աղոթել և գործել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։
Ամփոփելով իր խոսքը` Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին, մասնավորաբար, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, որից հետո ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։
Համաժողովին ելույթ է ունեցել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Համաժողովին ներկա հոգևորականները ընթերցել են Կարդինալ Կուրտ Քոխի, Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի և Կարդինալ Խոսե Տոլենտինո դե Մենդոնսայի ողջույնի խոսքերը:
Ելույթով հանդես են եկել Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը՝ «Հակամարտության գոտիներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության դիվանագիտական և այլ միջոցներ. ի՞նչ կարելի է անել դրանք ընդլայնելու համար» թեմայով և պ․գ․դ․, պրոֆ․, ԵՊՀ, ՀԱԻ Համլետ Պետրոսյանը «Հուշարձանների ներկայիս վիճակը Արցախում» թեմայով։
Համաժողովում զեկույցներով են հանդես եկել նաև մի շարք այլ փորձագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Մերձավոր Արևելքից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը