Այն քրեական իրավիճակը, հանցավորությունն ու օրինազանցությունը, որ գոյություն ունի Հանրապետությունում և ակտիվացել է վերջին երկու-երեք ամիսներին, մեկ բառով կոչվում է խայտառակություն:
Հանրապետությունում շատացել են կողոպուտները, բնակարանային գողությունները, երթևեկության կանոնների խախտումները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների ու մահվան ելքով։
2018թ․ օգոստոսի 17-ին լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ասում է․ «100 օրվա ընթացքում հաջողվել է բարձրացնել ոստիկանության վարկանիշը հանրության շրջանում։ Դուք այդ կարծիքները կարող եք հարցնել մարդկանցից, ես չէ, որ պիտի ասեմ: Բայց եթե ուզում եք լսել իմ կարծիքը, այո՛, ինձ հաջողվել է բարձրացնել վարկանիշը»:
Իսկ ի՞նչ է կատարվում 230 օր հետո։
Հայաստանում ոստիկանությունը երբևէ այսքան հեղինակազրկված չի եղել, որքան այսօր է։ Ոստիկանության հեղինակազրկվելու մասին խոսում են երկրում հանցավորության աճի վերաբերյալ փաստերը։ Փողոցներում կրակոցները, բնակարանային և մեքենաներում գողությունները, վարորդների օրինազանցությունները այս քանակի չեն եղել դեռ 90-ականներից։ Իզուր չեն ասում, որ վերադառնում ենք 90-ականների Հայաստան՝ գրեթե բոլոր ոլորտներում։
Ամեն օիր կարելի է լսել, թե ինչպես մեծ թվով վրաերթեր են տեղի ունենում։ Միայն դեկտեմբերի 23-ի մեկ դեպքով 4 երեխա էր վրաերթի ենթարկվել՝ 12-15 տարեկան։ Մայրաքաղաքում վարորդները վարում են մեքենան խելակորույս ու անկարգապահ ձևով, կարծես ամբողջ ուժով սլանում են Նոր Հայաստան կառուցելու։ Փոխարենը ոստիկանապետը հայտարարում է, թե նախորդ տարիների համեմատ ավելի լավ են աշխատում, պարզապես մարդիկ ուզում են ցեխ շպրտել ճանապարհային ոստիկանության վրա։ Իսկ ճանապարհային ոստիկանությունն այնքան վատ է աշխատում, որ անգամ ՃՈ պետի տեղակալը գլուխն ազատեց աշխատանքից ու գնաց ԱԺ։
Պետք է անենք մի ցավալի արձանագրում․ ամիսներ առաջ, երբ կաշառակերություն կար ոստիկանական համակարգում, շատ ավելի լավ իրավիճակ էր փողոցներում, քան հիմա, երբ, ասում են՝ վերացել է։ Այն ժամանակ օրինախախտը գիտեր, որ կա՛մ տեսախցիկներն են նկարելու կա՛մ ոստիկանն է փող ուզելու՝ զանցանքի վրա աչք փակելու համար, ամեն դեպքում՝ գրպանն են մտնում, և կարգ ու կանոնով էր վարում։ Հիմա ոստիկանությունը թքած ունի, քանի որ «տակը բան չկա», իսկ տեսախցիկների արձանագրածն էլ, միևնույն է՝ մի օր հեչ է արվում, ու արդյունքում տուժում է օրինապահ վարորդը։ Այդ դեպքում, ինչո՞ւ մեքենան վարել կանոններով։
Քաղաքացիներից շատերն են ասում, որ տան դռանը ևս մեկ փական են ավելացնելու, քանի որ ահռելի չափերի են հասել բնակարանային գողությունները։ Կարծես թե բազմաթիվ մարդիկ որոշել են այլ մարդկանց ազատել «նախկին հանցավոր ռեժիմների» օրոք ձեռք բերված գույքից, որպեսզի տանը մնա միայն Նոր Հայաստանի մաքրությունն ու դատարկությունը։ Ու թալանում են։ իրականում սա խոսում է թե՛ ոստիկանության, թե՛ կառավարության վատ աշխատանքի մասին։ Սոցիալական վիճակը գնալով վատանում է, ու շատերը աչք են դրել մյուսների ունեցվածքին, հաճախ՝ գրոշներին, իսկ ոստիկաններն էլ երևի այլ գործերով են զբաղված, կամ որը արդարացի է, չունեն բավականաչափ մոտիվացիա՝ բացահայտելու կատարված հանցագործությունները։
Ասում եք՝ կորուպցիան իրավապահ համակարգից բացառել եք, ապրե՛ք, բայց ոստիկանն էլ է մարդ, ընտանիք է պահում, իսկ աշխատավարձը շարունակ թանկացող երկրում ի՞նչպես հոգա ընտանիքի կարեքները։ Կասեք՝ բա ոստիկանի կոչո՞ւմը, պատի՞վը։ Արդարացի եք։ Այդ դեպքում ինչո՞ւ եք համաներման արդյունքում չպատճառաբանված բացեք թողնում իրենց նվաստացրած, գործընկերներին սպանած ահաբեկիչների խմբին։ Չէ՞ որ դա ուղակի քաղաքական նպատակահարմարությունից դրդված էր։ Ասացեք, խնդրեմ, էլ ինչո՞ւ ոստիկանն իր կյանքը պետք է վտանգի, զբաղվի հանցագործություններ կանխելով, վնասազերծելով հանցագործներին։ Չէ՞ որ հանցագործները հայտնի են, դրանք նախկիններն են կամ՝ ում մատնացույց են անում այսօրվանները։
Նիկոլ Փաշինյանն անգամ հունիսի 8-ին կառավարության նիստում Օսիպյանին «կծեց», թե «Տենց էլ ընտրակաշառքները, բնակարանային գողությունները չենք կարողանում բացահայտել»:
Ոստիկանապետն ասում է, թե քաղաքացիները ոստիկանություն սկսել են շատ դիմել, քանի որ ոստիկանության հեղինակությունը բարձրանում է։ Այնինչ, ընդհակառակը, շատ են դիմում, քանի որ աճում է հանցավորությունը։ Իսկ երկրում, որտեղ ոստիկանությունը հեղինակություն ունի, չի կարող հանցավորությունն աճել։ Ավելին, երբ թալանում են անգամ փոխոստիկանապետի բնակարանը, նշանակում է, որ ոստիկանությունը բացարձակապես հեղինակություն չունի։ Ու սա, գուցե, հենց դրա ազդակն է։
Հայաստանում հեղափոխությունը վեր է ածվել ամենաթողության։ Մարդկանց արտոնված է անել ինչ ուզում են։ Ու այս ամենը գալիս է դեռ նախահեղափոխական շրջանից․ հանցագործը ևս ունի ուղեղ, տրամաբանություն ու մտածում է՝ եթե հանրապետության ռազմավարական օբյեկտի վրա հարձակումը մնում է անպատիժ, անգամ խրախուսվում և պաշտոն են ստանում փողոցային ակցիաների կազմակերպիչները, նրանք, որոնք Սանիտեկի աղբարկղերով փողոց էին փակում, նստարաններն էին պոկում-դնում խաչմերուկների մեջտեղը, ներխուժում էին ռադիոյի շենք, ինչո՞ւ պետք է պատժվի շարքային Համբոյի տնից գողություն կատարողը։ Ավելին, վարչապետն իր օրինակով ցույց պետք է տա քաղաքացուն, թե ինչպիսին պետք է լինել։ Եթե վարչապետն արշավում է ռադիոյի շենք, ինչո՞ւ քաղաքացին պետք է չարշավի մեկ ուրիշինը։
Իսկ ոստիկանապետն օգոստոսից սկսած ավելի շատ ընտրություններից է խոսել, քան իր լիազորությունների տիրույթում գտնվող այլ հարցերից։
Ու այսպես պետական մասշտաբով ավազակությունը պակասեց, բայց ավելացավ քաղաքացիների մասշտաբով ավազակությունը։
Գուցե ստեղծագործական մտքով լցված ոստիկանության լրատվության բաժինը հուզիչ արձագանք ուղարկի մեզ, սակայն դրանից, վստահաբար, հանցավորության մակարդակը գեթ մեկով չի պակասի։
Իսկ այժմ՝ վերնագրի մասին․ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, իսկ վերջին անգամ՝ նոյեմբերի 19-ին Մարտունիում հայտարարեց․ « ․․․Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է: Ձեզանից յուրաքանչյուրն, այո, այս երկրի վարչապետ է․․․»։ Ստացվում է, որ մեր տները, ավտոմեքենաները թալանում են, երթևեկության կարգը կոպտորեն խախտում ու վրաերթերի են ենթարկում վարչապետները։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը