04 09 2018

Եվ ոչ մի գեներալ թող անպատիժ չմնա, և ոչ մի զինվոր թող չցանկանա դառնալ գեներալ

Եվ ոչ մի գեներալ թող անպատիժ չմնա, և ոչ մի զինվոր թող չցանկանա դառնալ գեներալ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ քրեական գործերի և նոր բացահայտումների անվան տակ, որոշ բացառություններով, հստակ անուն ունի՝ պետության և բանակի հեղինակազրկում: «Պայքար հնի դեմ» թեմայի շրջանակներում հեղինակազրկվում են պետական ինստիտուտները, գլխավորապես՝ բանակը: Բանակը մինչ վերջերս գրեթե բոլորը միաբերան համարում էին ամենակայացածը՝ հպարտ էինք բոլորով, որ ունենք այն, ինչ չենք ունեցել հարյուրամյակներ:

Իսկ հեղինակազրկել այսօրվա իշխանություններին հաջողվում է բավական հեշտ:

«Բացահայտման» ու կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ սևացնում են ում կամ ինչ կարող են, մինչ այս եղածը համարվում է կեղծ, անօրինական, և ամենայն դրականը կատարվում է միայն մայիսի 8-ից սկսած:

Նպատա՞կը, փորձենք հասկանալ.

Քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ: Ասում են՝ «Մարտիկ» հիմնադրամի միջոցներն է յուրացրել:

Գործն ընթանում է հրապարակային սևացմամբ: Նախ խուզարկություն են անում, հետո անունը շրջանառությունից առժամանակ դուրս է գալիս, թեման փակվում է, հետո, հայտարարվում է, որ առաջադրվել է մեղադրանք: Ասում են՝ մեղադրանքն առաջադրվել էր դեռ օրեր առաջ, իսկ հաղորդագրությունը որոշվեց տարածել անմիջապես Արցախի անկախության տոնին: Տոն, որ հենց իր նմանների հետ է ասոցացվում հասարակությունում, առավել դիպուկ փչացնել հնարավոր չէր:

Շարունակենք.

Հեղափոխական իշխանությունը հայտարարել էր գերնպատակ՝ Մարտի 1-ի բացահայտում՝ ամեն գնով: Այդ ամեն գնովն արդեն լուրջ կասկածի տեղիք տվեց հենց սկզբից՝ արդյո՞ք նախկին իշխանություններից մուռ հանելու մասին չի խոսքը: Չնայած նրան, որ ամենակարևոր հարցը գործում մեկն է՝ ովքե՞ր սպանեցին 8 քաղաքացիների և 2 ոստիկանի և մեր պետության ճակատին մեծ խարան դաջեցին, այսօր այդ հարցը դրված չէ: Սկզբից էլ չէր դրվել:

Արդյո՞ք հանրությունն այս պահին պահանջում էր քննել սահմանադրական կարգի հարցը (մի կողմ թողնենք՝ մեղադրանքը շինծու է, թե՝ ոչ), հանրության համար դա՞ էր կարևոր, ո՞վ է հաղթել 10 տարի առաջ՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: 10 զոհերի հարազատները դա՞ են պահանջում բացահայտել, թե՞, ի վերջո, ում դավադիր գնադակին զոհ գնաց իրենց հարազատը:

Ի՞նչը ի նկատի ունենք, երբ ասում ենք, որ գնում է պետական կարևորագույն ինստիտուտի նվաստացում:

Ովքե՞ր են այսօր մեղադրյալի աթոռին՝ բացի Աղաբեկյանից: Կարճ անդրադարձ կատարենք կեսագրություններին.

Միքայել Հարությունյան

Միքայել Հարությունյանն ավարտել է բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ԽՄ մարշալ Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան: Եղել է Անդրկովկասի ռազմական օկրուգի 7-րդ գվարդիական բանակի շտաբի պետի տեղակալ: Պատերազմի տարիներին եղել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, շտաբի պետ: Եղել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի խորհրդական-գլխավոր ռազմական տեսուչ:

Պարգևատրվել է «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, «Մարտական խաչ» շքանշանով, Վարդան Մամիկոնյան շքանշանով, ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, Մարտական ծառայության մեդալով, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, Պատվո լեգեոնի շքանշանով (ԱՄՆ), ՌԴ ՊՆ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով, ԽՍՀՄ 14 մեդալներով։ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, գեներալ-գնդապետ:

Մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Յուրի Խաչատուրով

Յուրի Խաչատուրովն ավարտել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը, եղել է Լենինգրադի ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։ ԽՍՀՄ տարիներին վարել է հրամանատարական պաշտոններ Հայաստանում, Բելառուսում, Աֆղանստանում: Պատերազմի ժամանակ եղել է 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարը, մասնակցել ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։ Մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները։ Եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար: Իսկ հիմա ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն է:

Գեներալ-գնդապետ է, պարգևոտրվել է Երկու «Կարմիր Աստղ» շքանշանով, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշանով, Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշանով, Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշանով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով և այլն: Գեներալ-գնդապետ է:

Մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանն ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ Ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ տարիներին Ստեփանակերտ քաղաքում եղել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: Արցախյան ազատամարտի ժամանակ մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։ 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։ Պատերազմից հետո եղել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ Այնուհետև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար: Գեներալ-գնդապետ է:

Պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճան, Տիգրան Մեծ շքանշաններով, Դրաստամատ Կանայան, Մարշալ Բաղրամյան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի, «Հանուն Շուշիի ազատագրման», ԽՍՀՄ «Հանուն գերազանց զինվորական ծառայության», «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալներով, «70 տարի ԽՍՀՄ զինված ուժեր» հոբելյանական մեդալով, Ժուկովի շքանշանով (ՌԴ): Արցախի հերոս է:

Պաշտոնապես դեռ հաղորդագրություն չկա, բայց համաձայն ինֆորմացիոն արտահոսքի՝ նույնպես մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 

Արթուր Աղաբեկյան

Արթուր Աղաբեկյանն ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ: Արցախյան ազատամարտի տարիներին եղել է Հադրութի շրջանի կամավորական ջոկատների համակարգող, պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդական: ԼՂՀ ՊԲ առաջին պաշտպանական շրջանի հրամանատար: Պատերազմի ավարտից հետո եղել է ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, “Ղափանի” բրիգադի հրամանատար: 1999թ. նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար, իսկ նույն տարվա ամռանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ: 2000-2007 թթ. Եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ապա՝ ԱԺ պատգամավոր: 2012-17թթ. Եղել է ԼՂՀ փոխվարչապետը, որից հետո՝ մինչ այժմ, Արցախի նախագահի խորհրդական:

Արցախի հերոս է, Գեներալ-լեյտենանտ:

Պարգևատրվել է ՌԴ «Ռազմական համագործակցություն» մեդալով, ԱՄՆ Կանզաս նահանգի «Ազգային գվարդիայի բարձրագույն պարգև» շքանշանով, ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, Արցախի Հանրապետության բարձրագույն՝ «Ոսկե արծիվ» շքանշանով, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան, «Սպարապետ Վարդան Մամիկոնյան» շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշաններով: Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։

 

Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, կորպուսի հրամանատար, ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԱԺ պատգամավոր: 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-93  թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-94թթ.՝ ՀՀ հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Եղել է ԵԿՄ նախագահը:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ Մարտական Խաչ առաջին աստիճանի, Ոսկե արծիվ և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

Արցախի հերոս է, Գեներալ-լեյտենանտ։

Մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Ձերբակալված է:

 

Եթե Մանվել Գրիգորյանը և Արթուր Աղաբեկյանը ազատամարտիկ-գեներալ են, մյուսները՝ կադրային, մասնագիտացված գեներալներ: Հիշյալ գեներալներից 2-ը եղել են պաշտպանության նախարար, երեքը՝ փոխնախարար:

Հիմա պատկերացնենք. Հայաստանն ունի զինվորական 4 գեներալ-գնդապետ: Նրանցից երեքը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Արցախի հերոսներից ողջ են 16-ը, որոնցից նույնպես 4-ը մեղադրյալի կարգավիճակ ունեն Նոր Հայաստանում:

30 տարի մենք վստահ մեկ բան ենք ունեցել հպարտանալու՝ դա մեր հաղթանակներն էին, ազատագրված Արցախը, բնակավայրերը: Ձեռք էինք բերել հաղթանակ ոչ թե ՀՀԿ-ի նկատմամբ, ինչպես հիմա նորաձև է ասելը, այլ հաղթել ենք իրական պատերազմում՝ պաշտպանելով հայրենիքը, մեր կանանց, երեխաներին և ծերերին հերթական ցեղասպանությունից:

Նոր Հայաստանում դուրս է գալիս որ այդ հաղթանակների պատասխանատուները, կերտողներն ու ղեկավարները ծանր հանցագործնե՞ր են, հանցագործներ սեփական ժողովրդի նկատմա՞մբ: Այստեղ անգամ կարևոր չէ, որ գիտակից և իրավաբանությունից տեղյակ մարդը, հասկանում է, որ առանց դատարանում ուժի մեջ մտած վճռի, մարդը կարող է արդարացվել՝ անգամ ներողություն խնդրեն հետագայում: Ավելի տեղեկացվածներն այս տեսակ հանրայնացնելնու տակ այլ բան են հասկանում, և բնավ ոչ որպես արդարության հաստատում:

Այսպիսի պախարակում բանակին ուրիշ ո՞ր երկրում է լինում, այն էլ՝ ազգ-բանակ կարգախոսը հռչակած երկրում: «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրեր ենք իրականացնում, երիտասարդներին փորձում ենք դարձնել սպա, զինվորական ու այսպե՞ս ենք վարվում բարձրաստիճան զինվորականների հետ, որոնք հենց պետք է օրինակ լինեին զինվորներին, որոնց նկարները փակցված են Հայաստանի ու Արցախի բոլոր զորամասերում:

«Վատն է այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ»: Իսկ հիմա ինչպե՞ս ձգտել դառնալ գեներալ, ինչո՞ւ, որ մի օր, քաղաքական իրավիճակի փոփոխմամբ պայմանավորված, լինեն քրեական հետապնդման մե՞ջ: Բանակում ծառայողը հետայսու ինչպե՞ս կատարի իր վերադասի հրամանը, ինչպե՞ս հրամանատարի կոչով պատերազմի դուրս գա, եթե այդ հրամանատարը պոտենցիալ հանցագործ է:

Չկա երկիր, որտեղ կարող են պաշտպանության նախկին նախարարներ ու ազգային հերոսներ ձերբակալեն առանց պետության ղեկավարի թույլտվության, իմացության և մասնակցության: Այն պնդումները, թե քննչական մարմիններն անկախ են, իրենք են որոշում՝ օրենքին հենվելով, երեկոյան ուշ ժամերի համար նախատեսված պատմություններ են: Ինքս խորը կասկածներ ունեմ, թե ՀՔԾ-ն համարձակություն կունենար նման քայլի գնալու՝ պախարակելու ազգային կարևոր ձեռքբերումը՝ բանակը:

Տեղի է ունենում բարոյահոգեբանական և արժեքային համակարգի պախարակում, որին մասնակից ենք մենք, իսկ մեր մասնակցությունն այսպես շարունակվելու դեպքում դառնում է մեղավորություն, հանցավորություն: Սա արդեն ծիծաղելի չէ:

Պետք է արդեն ուշքի գալ:

 

Հ.Գ. Բնավ նկատի չունենք, թե հերոսը, պետությանն ու ժողովրդին մեծ ծառայություններ մատուցած անձը պետք է պատասխանատվության չենթարկվի երբևէ գործած հանցանքների համար: Ընթերցողը հավանաբար հասկանում է, որ նյութը հերոսների սխալները մոռանալու մասին չէ և ավելին՝ հայրենանվեր աշխատանքը չի արտոնում գործել հանցանք: Սակայն նման մարդկանց, այս դեպքում՝ բանակի հերոսների մասին նախաքննական շրջանի տեղեկատվությունը հրապարակային դարձնելը, դեռ չհիմնավորված, չապացուցված մեղադրանքը հանցագործություն ներկայացնելը մեծ ստվեր է գցում բանակի վրա:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ