21 08 2018

Զոմբիլենդ

Զոմբիլենդ

Հայաստանում իշխանափոխությունից հետո բավականին բաներ են փոխվել, շատ բաներ էլ մնացել է նույնը: Չանդրադառնալով փոխված ու չփոխված այդ ամենին, նկատենք միայն մեկ, մեզ համար՝ ամենացավալի փոփոխությունը. դա փոփոխությունն է մարդկանց հոգեբանության մեջ, մարդու` մարդ տեսակի կորուստը:

Ազատվելով ՀՀԿ-ի իշխանությունից, ինչը շատերի կարծիքով անհրաժեշտություն էր, մարդիկ, սակայն, սկսեցին կուրորեն հավատալ նոր իշխանությանը, և այդ կուրացումը նրանց մեջ ադեկվատ լինելու վերջին հնարավորությունն էլ է սպառում: Այն ամենը, ինչ ժամանակին սուր քննադատության էր ենթարկում հանրությունը և անգամ բողոքի ցույցերի դուրս գալիս, այժմ արդարացնում է ու սկսում հարմարվել:

Բերեմ տասնյակ օրինակներ:

Yerevan.Today-ը հաճախ է հարցումներ անցկացնում փողոցներում՝ մարդկանց տրամադրությունները ճշտելու այս կամ այն հարցի վերաբերյալ: Ուշագրավ պատկեր ունենք:

Մշտապես դժգոհություն է առաջ բերել այն հանգամանքը, որ պաշտոնյաների հարազատները նրանց հետ մեկնում են գործուղման և պետական բյուջեի հաշվին շրջագայում աշխարհի շուրջ: Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցի էր մեկնել տիկնոջ հետ: Քաղաքացիների կարծիքն ենք հարցնում պետբյուջեի միջոցներն անարդյունավետ ծախսելու մասով: Պատասխանում են. «Էդ երկու կոպեկի հետևից եք ընկել, նույն համարն ա, նույն տեղաշորը, սամալյոտն էլ, միևնույն է, պիտի գնար: Մենակ փողը զավթրիկ-աբեդ-ուժինի վրա պիտի ծախսեր, էդ նիհար կնոջ կերածն էլ ի՞նչ պիտի լինի»: Դեմ չենք, բայց տեղեկացնենք, որ ՀՀԿ-ում էլ բավականին թվով պաշտոնյաներ կային, որոնց տիկնայք նիհար են, և նրանք էլ մեկնելիս նույն սկզբունքներն էին կիրառում, միայն թե՝ հանրության քննադատության տարափի տակ:

Ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեծամասնությունը բանակում չի ծառայել, զենքի հետ ծանոթ է միայն ֆիլմերից: Լսում ենք «հակադարձում». «Զաթո Սասուն Միքայելյանը բոլորիս տեղը ծառայել ա»: Եվ այս տարբերակը կարծես թե ընդունվեց: Համենայն դեպս, չլսեցինք որ մեկը դժգոհեր, թե ի՞նչու համարյա բոլոր պատասխանատու պաշտոններին նշանակվեցին բանակ չգնացածները: Այդ դեպքում, գուցե գեներալներ Մանվելն ու Սեյրանն էլ ողջ ՀՀԿ-ականների փոխարե՞ն էին ծառայել:

Ասում ենք, որ կառավարության անդամները ոչ միայն անփորձ են, այլև հաճախ տարրական էթիկային չեն տիրապետում, անգամ չգիտեն, որ եթե նամակ են ստացել, պարավոր են պատասխանել: Մեզ հակադարձում են՝ բա լա՞վ էր, որ ՀՀԿ-ն փորձված էր ու թալանում էր: Ասում ենք՝ լավ չէր, ու ՀՀԿ-ի ժամանակ էլ էինք ասում, երբ նման խախտումներ էինք նկատում: Երկուսն էլ երկրի համար աղետալի էին:

Ասում ենք, որ ՊԵԿ-ը կանոնակարգեր է փոփոխել, 3 կգ-ից ավելի ձմերուկ չի թույլատրում անցկացնել սահմանը, ինչի արդյունքում ձմերուկի գինը թանկացել է 300 տոկոսով: Ի՞նչ են մեզ պատասխանում. պինդ բռնվեք, որ չընկնեք. Պատասխանում են՝ «Մեկ ա՝ ձմերուկի 96 տոկոսը ջուր ա, ջուր կխմենք»:

Ասում ենք՝ բանջարեղենն ամբողջությամբ թանկանում է, էս սեզոնին նման թանկ բանջարեղեն չենք ունեցել, պատասխանում են՝ «Ոչինչ, ինչ կա՝ էդ կուտենք: Երաշտ է, բա ի՞նչ էիք ուզում: Թե՞ Սերժի ժամանակ երաշտ չէր լինում»:

Ասում ենք՝ բենզինն արդեն 20 դրամով թանկացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կարճ ժամանակահատվածում, պատասխանում են. «Ավելի լավ, թող քիչ քշեն, բնությունն աղտոտում են»:

Իսկ մինչ այս բոլոր թանկացումների վերաբերյալ հարցումները տապալվում էին, որովհետև մարդիկ «հողեմ, ազիզը թաղեմ, կտրտեմ»-ից զատ քիչ բառերով էին արձագանքում:

Ասում ենք՝ ԱՎԾ-ն թե ներգաղթի, թե տնտեսական աճի, աշխատավարձի վերաբերյալ սիրուն թվեր է նկարել, ինչպես անում էր նախկին իշխանության ժամանակ, պատասխանում են՝ «Բանն ասելով ա լինում, էնքան գրեն՝ իրականություն դառնա»:

Ասում ենք՝ Վերին Լարսում ավտոմեքենաների կուտակումներ են 5 կիլոմետրանոց, վարորդներն ու ուղևորները շոգերին չեն դիմանում: Մեզ պատասխանում են՝ «Լարսում միշտ էլ էդպես ա եղել, միայն հայ շոֆեռների ու պասաժիրների համար չէ: Թող համբերեն, հետո գնան»:

Ասում ենք՝ մարդկանց տուն են այցելում ԱԱԾ-ն, ոստիկանությունը, խուզարկում են, հեռուստացույցով խայտառակ անում, հետո բաժնում պարզվում է, որ սխալվել են, ազատ են արձակում, մեզ պատասխանում են՝ «Դրանց դա էլ ա քիչ, ամեն ինչի մեջ վատն եք տեսնում»:

Ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունն իրեն է ուզում հարմարացնել, մինչդեռ մինչ այս մեղադրում էր Սերժ Սարգսյանին սահմանադրությունը որպես իր հագով կոստյում կարելու մեջ, մեզ պատասխանում են՝ «Եթե երկիրը լավ կառավարելու համար պետք է լրիվ փոխի, թող մի քիչ էլ ինքն իր համար անի»:

Ասում ենք, որ որևէ խոշոր ներդրում Հայաստան չի եկել, Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան հանդիպումներին որևէ խոշոր գործարար չի մասնակցում, մեզ պատասխանում են. «Ջհանդամը մասնակցեն, Էդ բոլորին վաղը բռնելու ա, փողերը լցնի բյուջե»:

Փաստն այն է, որ հեղափոխություն արած ժողովրդի մի զգալի մասը չի ուզում ընդունել, որ հեղափոխության հիմնական նպատակը չի իրականանում, տապալվում է քայլ առ քայլ: Հեղափոխության ողջ նպատակն այն էր, որ փոփոխություն լինի, ժողովուրդը լավ ապրի: Իսկ իրականում կյանքն էլ ավելի է դժվարացել, միակ դրական արդյունքն էլ այսօրվա իշխանության ու իր շրջապատի զբաղվածության հարց լուծելն էր, որքան էլ վարչապետը հանրահավաքի ժամանակ ժողովրդի անունից հայտարարի, թե ամեն բան լավ է:

Հիմա հարց՝ մեզ համար ի՞նչ տարբերություն՝ երկիրը կրկեսի վերածում էր նախո՞րդ իշխանությունը թե՞ նորը: Չէ՞ որ նախորդ իշխանության ժամանակ, գոնե, մարդիկ սթափ էին, գիտեին, գիտակցում էին, որ կործանվում են: Իսկ հիմա՝ իրենք են իրենց մղում կործանման … Գիտակցաբար և երջանիկ...

Հ.Գ. Ներողություն վերնագրում օգտագործած՝ զոմբի բառի համար, բայց ավելի բնորոշ բառ դժվարացանք գտնել:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ