03 09 2018

Կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, ժողովուրդը. Հայկ Մարությանի պարզաբանումը

Կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, ժողովուրդը. Հայկ Մարությանի պարզաբանումը

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է երեկվա իր ելույթում հնչեցրած մտքերը, որոնք սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել և քննադատության արժանացել։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Հայաստանում իրավիճակը շատ պարզ է, կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր։ «Մեր թիմի դեմը խաղ չկա»,- ասել էր նա։

Քաղաքապետի ՔՊ թեկնածուն պարզաբանել է․ «Սիրելի ժողովուրդ, այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։ Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ