Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին, գրում է Aravot.am-ը։
«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Մարությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար։ Հայկ Մարությանն ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «Նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։
«Բայց հարգելիներս, երևանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի ենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը