Civilnet-ը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ «Թրասթ աուդիտ» աուդիտորական կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը՝ համարելով, որ այն ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, գույքի, պարտավորությունների մասին տվյալները։
Ի՞նչ է հայտնաբերել աուդիտորական կազմակերպությունը
«Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել.
Կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը դրված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) վրա։ Հանձնաժողովը աուդիտի արդյունքները ստանալուց հետո պարտավոր է ստուգել այն և համապատասխան գործընթաց նախաձեռնել։ Ընդ որում, աուդիտի և ԿԿՀ-ի կողմից ստուգման արդյունքում կարող է ինչպես վարչական վարույթ նախաձեռնվել, այնպես էլ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ԿԿՀ-ը կարող է դիմել դատախազություն։
Թեպետ ԿԿՀ-ը մարտին ստացել է «Քաղաքացիական պայմանագրի» աուդիտի եզրակացությունը, բայց մինչ այժմ՝ մայիսի 14-ի դրությամբ, հանձնաժողովի կողմից կուսակցության հաշվետվության ստուգման գործընթացն ավարտված չէ։ Պատասխանելով ՍիվիլՆեթի գրավոր հարցին՝ հանձնաժողովից տեղեկացրել են, որ ՔՊ-ի հաշվետվության ու աուդիտորական եզրակացության ստուգումը մարտի 22-ին երկարաձգվել է 60 օրով։ Ակնկալվում է, որ ԿԿՀ-ն ՔՊ-ի վերաբերյալ ստուգումները կավարտի և համապատասխան որոշում կընդունի եկող շաբաթ։ Հանձնաժողովի ստուգման արդյունքները չեն կարող հունիսի 30-ից ուշ հրապարակվել։
«Քաղաքացիական պայմանագրի» 2021 և 2022 թվականների ֆինանսավորման, կուսակցության նվիրատվությունների թեմային անդրադարձել էինք մարտի 7-ին։ Պարզել էինք, որ ՔՊ-ին նվիրատվություն կատարած տասնյակ անձինք անտեղյակ էին այդ նվիրատվություններից, բազմաթիվ դեպքերում նվիրատուների եկամուտները չէին համապատասխանում նվիրատվության բարձր չափերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր ղեկավարած կուսակցության ֆինանսավորման ենթադրյալ մեքենայությունների մասին, այն անվանել էր կուսակցության կազմակերպչական թերացում, որը չի հատել Քրեական օրենսգրքրի համապատասխան կետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը