ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում իր աշխատանքային պարտականություններին զուգահեռ այլ անելիքներ է ունենալու: Փոխվարչապետը նշել է, որ դրանով պայմանավորված՝ հնարավոր է առաջիկա ամսվա ընթացքում իր «վատ կերպարը բացահայտող» հրապարակումներ լինել:
Արարատ Միրզոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելիներս, իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքնել տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով․
- Սահմանադրական բարեփոխումներ,
- Ընտրական օրենսդրության բարեփոխումներ,
- Անցումային արդարադատություն ևն
Այնպես որ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ, իմ «վատ կերպարը բացահայտող», իմ «դիմակը պատռող» հրապարակումներ որոշ «անկախ» «ԶԼՄ-ների» և ՖԲ-յան «չեզոք վերլուծաբանների» կողմից։ Սա մասամբ կիրականացվի «Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն-ձմեռ 2018 ակցիայի շրջանակներում (խնդրում եմ նկատել, որ խոսում եմ նպատակաուղղված հակաքարոզչության, պիտակավորման և վարկաբեկման մասին, այլ ոչ թե քննադատության մասին, որի տեղիքն իհարկե կարող ենք տալ)։
Անկեղծ ասած, էդ տեսակ «սևացումն» արդեն էական չի, թեև խոստովանեմ՝ սկզբում անակնկալ էր և տխրեցնող։ Էականը՝ շարունակելու եմ մնալ մեր հռչակած արժեքների նվիրյալը, շարունակելու եմ ահռելի պատասխանատվության զգացումով և անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար։ Հավատացած եմ՝ որպես հանրույթ, որպես պետություն հաջողելու ենք։ Հաստատ հաջողելու ենք։ Սիրում եմ ձեզ։ Շատ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը