Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես և նախատեսված էր, հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Կարճ ընդմիջման ժամանակ երկու երկրների առաջնորդները նաև հասցրել են խոսել լրագրողների հետ: Թրամփը մասնավորապես նշել է շատ լավ զրույցի և դիլեմայի մասին, որը պետք է լուծում ստանա: «Ես իսկապես շատ լավ եմ զգում: Մենք պատրաստվում ենք մեծ քննարկում ունենալ, ու ակնկալում եմ ահռելի հաջողություն: Սա իսկապես պատիվ է, ու մենք, անկասկած, կձևավորենք հրաշալի հարաբերություններ»,- հավելել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ինչ վերաբերում է Կիմ Չեն Ընին, նա հայտարարել է, որ ցանկություն ունի համագործակցել ամերիկացի գործընկերոջ հետ: Նա նկատել է, որ «աշխարհում շատ մարդկանց համար սա ֆանտաստիկա կթվա՝ գիտաֆանտաստիկ ֆիլմից մի հատված»:
Հիշեցնենք, որ պատմական հանդիպման գլխավոր թեման Հյուսիսային Կորեայի վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերի սառեցումն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը