07 06 2018

Հասկանանք, որ փոխենք 2

Հասկանանք, որ փոխենք 2

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանը խմբակցությունից դուրս են եկել: Ի տարբերություն թվարկված առաջին երեքի՝ Ալեքսանյանը ոչ թե գրավոր հայտարարություն էր տարածել, այլ այդ մասին անձամբ ասաց լրագրողներին, արագ ասաց ու հեռացավ՝ որևէ հարցի չպատասխանելով:

Առաջին հայացքից սպասելի էր, ոմանք անգամ սպասում են արմատական ՀՀԿ ականների արտահոսք: Չբացառենք, դեռ ընթացքում է:

Քաղաքականության մեջ հնաբնակներն անգամ 1998-ի կրկնություն էին կանխատեսում՝ համեմատելով առաջին նախագահի հրաժարականին հետևած իրադարձությունների հետ:

Հիշենք, թե ինչպես այդ արտահոսքն իշխանական «Հանրապետություն» միավորումից կատարվեց:

1995 ին Հանրապետություն միավորումը, որ կազմված էր իշխանական ՀՀՇ և ՀՀԿ կուսակցությունների ցուցակից, բացարձակ մեծամասնություն վերցրեց Ազգային ժողովում՝ ձևավորելով օրենսդիր ու գործադիր մարմինները: Արդեն 1998-ին, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, բացի գործադիրի և երկրի ղեկավարության մի հատվածի հրաժարականներից, հետևեց «Հանրապետություն» ֆրակցիայից դեպի «Երկրապահ» ֆրակցիա պատգամավորների շարժ: Մեր նորագույն պատմության մեջ այս դրվագը ստացել է՝ «մի գիշերվա ընթացքում փոխվեցին», ձևակերպումը:

Կարելի է ասել՝ նույնն է կրկնվում:

Վերլուծենք:

Այն ժամանակ իշխանության մեջ կար Արցախի խնդրի լուծման հետ կապված տարաձայնություններ: Իշխանության մի թևը մյուսին պարտադրեց հրաժարական՝ ազգային հողի վրա, և լքողները՝ ֆրակցիա փոխողները, այն ժամանակ բացատրում էին տեսակետ կիսել-չկիսելով, ազգային պայքարի արդյունքում ազատագրած Արցախի հարցի լուծման տարբերությունով: Ասել է, թե գաղափարական տարաձայնություններ էին:

20 տարի հետո նույն պատկերն ենք տեսնում, բայց միայն առաջին հայացքից: Հեղափոխության արդյունքում հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարը, որը ԱԺ մեծամասնության լիդերն է: Հրաժարվելով երկրի փաստացի ղեկավարումից, ԱԺ ՀՀԿ ֆրակցիան, ի վերջո, չխոչնդոտեց Նիկոլ Փաշինյանին դառնալ վարչապետ: Ավելին՝ օգնեց: Այնուհետև ամեն առիթի դեպքում հայտարարում էր, թե այսուհետ ևս կօգնի իրականացնել գործադիրին բաժին հասած բոլոր նախաձեռնություններում՝ սկսած Ընտրական օրենսգրքից, մինչև կառավարության ծրագիր:

ՀՀԿ ֆրակցիան կարծես ընդիմություն էլ չէ, չի քննադատում, «քլնգում» ինչպես այսօրվա իշխանությունները՝ իրենց, թե ընդդիմություն եղած ժամանակ, թե գործադիր թևը՝ հիմա: Այսինքն, ազգային որևէ գաղափարական տարաձայնություն կարծես թե չկա:

Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախկին իշխանության հիմնական բոլոր գծերը՝ առանց բացառության: Կարող ենք փաստել որ, 20 տարի առաջվա իրադարձությունները պատճառահետևանքային առումով այդքան էլ նման չեն, բովանդակային նմանություն ևս չկա, այլ՝ միմիայն արտաքնապես:

Այստեղ հարց է առաջանում՝ դեպքերի նման զարգացումներն ինչո՞վ են պայմանավորված, ինչո՞ւ գործարար պատգամավորները, որոնք ինչքան էլ իրենք են իրենց ձայներն ապահովել, միևնույն է՝ եկել են ԱԺ ՀՀԿ ֆրակցիայով, մասնակցել և քվեարկել են ֆրակցիայի որոշումներին համահունչ, հիմա հանկարծ «ամեն մեկս մեր ճամփով» որոշում են կայացնում: ՀՀԿ-ն և իր ղեկավարն այս ընթացքում չեն արել մի բան, որը տևական լարվածության մեջ կպահեր հանրությանը, ԱԺ աշխատանքները չեն խոչնդոտել, առավել ևս՝ նոր վարչապետի նախաձեռնություններին. հակառակը՝ միշտ հայտարարել են, որ կօգնեն, կամ գոնե չեն խոչընդոտի:

Եզրակացությունը մեկն է՝ եղել է ճնշում: Ճնշում՝ արդեն այսօրվա գործող իշխանության կողմից:

Տեսքի համար մի գուցե արժեր անել, սոցցանցերի աշխուժությունն էլ դա է վկայում: Բայց փաստենք, որ այդ ոճը եղել է նախկին իշխանությանը: Իսկ այս իշխանության համար այդտեսակ եթևույթները ձեռնտու չեն և չեն էլ բխում մինչ այս եղած «սիրո հեղափոխության» ելույթներից ու տրամաբանությունից: Չարժե մասսաներին դուր գալու կամ հեղափոխական տոնուսը պահելու համար կիրառել նույն մեթոդները, որոնք, բնականաբար, երկար թաքուն մնալ չեն կարող: Իշխանությունը պետք է լավ գիտակցի, որ իր՝ ոչ միայն գործողություններն են խոշորացույցի տակ, այլ նաև մեթոդները և ոճը:

Հնարավոր է, որ սխալվում ենք, հնարավոր է՝ պատգամավորները դուրս են եկել և այլևս չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց մնում են որպես պատգամավոր՝ իրենց ընտրողների ձայնը խորհրդարանում բարձրացնելու համար, ինչպես որ հայտարարել են: Ու այդպես՝ բոլոր դուրս եկածները:

Նախորդ՝ նույն վերնագրով հոդվածում փորձել էինք մի քանի նկատառումով նոր՝ ոչ այդքան փորձառու, սակայն ժողովրդի վստահության վայելող իշխանություններին կոչ անել զերծ մնալ չմտածված անելիքներից:

Հասկանալի է՝ գայթակղությունը մեծ է, դուր է գալիս ցանկացած դիկտատորական երևույթ, որը քեզանից է դուրս գալիս, բայց պետք չէ մոռանալ որ Ձեր առավելությունը, նույնիսկ՝ ռեալ միակ առավելությունն այն կլինի, որ չփորձարկեք նախկինի գործիքակազմը, որի դեմ դուրս էր եկել ժողովուրդը:     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ