Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ։
«Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով:
Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Փաշինյանն այդ հռչակագիրը օգտագործեց Պրահայի 2022թ. հոկտեմբերի 6-ի հայտարարությունից սկսած՝ Արցախի նկատմամբ Հայաստանի սահմանադրական բոլոր հանձնառություններից ձերբազատվելու համար: Այժմ, երբ Արցախը հայաթափված է, Ադրբեջանն արդեն իրեն թույլ է տալիս հրաժարվել Ալմա-Աթայի հռչակագրից՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:
Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»: Նման կարգավորումը չափազանց վտանգավոր է, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափելու Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց: Դա առավել քան հավանական է, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի պարունակում որևէ դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանի ճանաչման վերաբերյալ:
Եթե Հայաստանի կառավարիչները ցանկանում էին որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունել սահմանը ԽՍՀՄ փլուզման պահին, ապա միակ պատշաճ լուծումը Կանոնակարգում կլիներ հղումը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև 1988թ. հունվարի 12-ին կնքված «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» արձանագրությանը: Այդ արձանագրությունը պարտադրում է, հողօգտագործողների միջև հողային վեճերը քննարկելիս, որպես իրավաբանական միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված թվով 182 սխեմաները և արձանագրությունները, որոնք կազմվել էին սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ: Հայաստանի համար ընդունելի այդ արձանագրության վրա հենվելու փոխարեն, որով 1988թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ է բերել շուրջ 12 360 հա տարածք, Հայաստանի կառավարիչները, ստանձնելով Ադրբեջանի փաստաբանի դերը, մտացածին փաստարկներ են հորինում 1988թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988թ.-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաև սահմանագծման ամբողջ գործընթացը, իսկ այդ գործընթացի համար միակ իրավասու մարմինները, ըստ ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ 1978թ. Սահմանադրությունների, բացառապես երկու հանրապետությունների կառավարություններն էին:
Կանոնակարգի 5-րդ հոդվածը ելնում է հատվածական սահմանազատման գաղափարից, որը լրացուցիչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար: Սահմանազատման աշխատանքներն իրականացվում են ոչ թե սահմանագծի բոլոր առանձին հատվածների համար նախօրոք որոշված և համաձայնեցված հերթականությամբ, այլ «առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով»:
Դա ակնհայտորեն հնարավորություն է տալու Ադրբեջանին սահմանազատման աշխատանքներն իրականացնել առաջին հերթին սահմանագծի այն հատվածներում, որոնք կարևոր են իր համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված անկլավների և էքսկլավների հետ կապված հարցին: Արդյունքում՝ Ադրբեջանը կարող է խուսափել այն հատվածներում սահմանազատման աշխատանքներից, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ, ըստ Կանոնակարգի, յուրաքանչյուր հատվածի համար կազմված սահմանագծի անցման նկարագրությունը «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»: Այս դրույթը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ իր համար կարևոր սահմանագծի հատվածներում իր նպատակներին հասնելուց հետո կա’մ ձգձգել ամբողջ սահմանի սահմանազատման գործընթացը, կա’մ ընդհանրապես այն ավարտին չհասցնել:
ՀՀԿ Գործադիր մարմինը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են մեր երկրի անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը։
Մեկ անգամ ևս վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման գործընթացների կարևորությունը՝ պնդում ենք, որ վերջիններս պիտի իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով։
Սահմանադրական դատարանը պարտավոր է լուրջ ուշադրություն դարձնել այս և այլ կարևոր հանգամանքներին»,-ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը