ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,- գրում է Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ հակառակ կուսակցության որոշման, ինչից հետո քննարկվում էր նրան խմբակցությունից հեռացնելու հարցը:
Հավելենք նաև, որ ՀՀԿ խմբակցությունից և կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նաև պատգամավոր Արթուր Գևորգյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը