Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկա նիստում կքննի Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելո պարագայում հաջորդ թեկնածուի հարցը:
Ալեն Սիմոնյանն արդեն զրկվել է ավագանու անդամի մանդատից, ԿԸՀ-ն նիստ է անելու ընդամենը հաջորդ թեկնածուին մանդատով ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 24-ին ԿԸՀ արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում էլ Տարոն Մարգարյանը հայտնում է, որ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով. պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում:
Տարոն Մարգարյանը ներկայացրել է ավագանու անդամի լիազորությունների դադարեցման ընթացակարգը:
«2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ Ձեզ տրամադրվել է Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ, ուստի նշված օրվանից առ այսօր առկա է Ազգային Ժողովի պատգամավորի մանդատի անհամատեղելիություն, քանի, որ ԱԺ պատագամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղղված Ձեր դիմումը, հիշատակված օրենքի համաձայն, չի նշանակում հրաժարականը ընդունված և Դուք շարունակում եք զբաղեցնել ԱԺ պատգամավորի պաշտոնը:
Հուսով եմ քաջածանոթ լինելով այս իրավակարգավորումներին, Դուք նաև տեղյակ եք, որ մեկ շաբաթից ավել միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ձեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքի ուժով, իսկ Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը՝ օրենքի խախտում»,- նամակում գրում է Տարոն Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանին շնորհավորելով ԱԺ պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ:
Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե Տարոն Մարգարյանն այդ քայլին է գնացել իրենից ձերբազատվելու համար: «Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է: Դա չի փրկելու, չի օգնելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, և դուք դա շատ շուտով կտեսնեք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը