19 04 2018

Պահպանել զգաստություն և ողջախոհություն. Գարեգին Բ.

Պահպանել զգաստություն և ողջախոհություն. Գարեգին Բ.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ հորդորելով պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը:

Վեհափառի կոչն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները:

Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում:

Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:

Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն:

Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն և միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսևորման:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ