14 04 2018

Սկսվեց. ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրթիռակոծել են Սիրիան. Լուսանկարներ, տեսանյութեր

Սկսվեց. ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրթիռակոծել են Սիրիան. Լուսանկարներ, տեսանյութեր

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ- հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը:

 

 Համաձայն ՌԴ ՊՆ-ի, Սիրիային հաջողվել է ոչնչացնել հրթիռների մեծ մասը:

Մինչ հրթիռների արձակումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձով է հանդես եկել և հայտնել Սիրիային հարվածելու մասին։

«Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ: Մեր նպատակն է ստեղծել ուժեղ զսպող գործոն քիմիական զենքի արտադրության, տարածման ու գործածման դեմ»։

 

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։

 

Ավիահարվածները հասցվել են Սիրիայում քիմիական զենքի ստեղծման երեք կետերի վրա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է համատեղ գործողությանը բրիտանական ուժերի մասնակցությունը: Համաձայն Մեյի, ուժի կիրառումը եղել է այլընտրանքի բացակայության պատճառով:

«Տասնյակ տղամարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել քիմիական զենքի կիրառման հետևանքով»,– իր հերթին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահականի Twitter-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ օդանավերն օդ են բարձրանում Սիրիայի տարածքին հարվածելու համար:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը դեռ ապրիլի 11-ին էր հանդես եկել Սիրիային հարվածելու սպառնալիքով:

 

 

Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարվածները միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում են։ Համաձայն «ՌԻԱ Նովոստի» գործակալության, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։

«Այս ագրեսիան համարվում է միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում և Սիրիայի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության արհամարհում»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարվածներ հասցրին՝ այդպես էլ չսպասելով ուսումնասիրության արդյունքներին:

Իսկ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է. «Վատագույն մտավախություններն արդարացան։ Մեր նախազգուշացումներին ականջալուր չեղան։ Իրականացվում է նախապես պլանավորած սցենարը։ Մեզ կրկին սպառնում են։ Մենք զգուշացրել ենք, որ նման գործողությունները չեն մնա անհետևանք։ Ամբողջ պատասխանատվությունը նրանց վրա է»:

***

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը

Հայտարարություն է տարածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա դատապարտել է Սիրիայի վրա հարձակումը՝ նշելով, որ ռուսական զինվորականներն օգնում են երկրի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում։

ՌԴ նախագահի խոսքով, ԱՄՆ-ն իր գործողություններով ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը Սիրիայում, խաղաղ բնակիչներին տառապանքներ պատճառում և խրախուսում ահաբեկիչներին։

«Այս էսկալացիան Սիրիայում ավերիչ ազդեցություն կունենա ամբողջ միջազգային հարաբերությունների համակարգի վրա։ Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում, և այն Վաշինգթոնի վրա արդեն իսկ ծանր պատասխանատվություն է դրել Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի հետ արյունոտ հաշվեհարդար տեսնելու համար։ Ռուսաստանն ԱՄՆ-ի և դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի»,- ասվում է Պուտինի հայտարարության մեջ:

***

Ասադը՝ նախագահական պալատում

Սիրիայի նախագահի աշխատակազմը տեսանյութ է տարածել, թե ինչպես է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտնում Դամասկոսում գտնվող նախագահական պալատ:

Տեսանյութը վերնագրված է «Դիմացկունության առավոտ»:

 

***

Արձագանք՝ Իրանից

«Ես հստակ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են»,- համաձայն PressTV-ի՝ հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խոմեյնին։

***

Սիրիայում զոհեր չկան

ՌԴ Պաշտպանության նախարարության նախնական տվյալներով, հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

*** 

Սիրիայի ուղղությամբ կիրառված 103 հրթիռից 71-ը խոցվել է

 Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին, համաձայն «Վեստի»-ի, հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը Հմեյմիմ ու Տարտուս բազաներում ժամանակին հայտնաբերել և վերահսկել են հրթիռների արձակումները:

Արձակված 103 հրթիռից 71-ը խոցվել է:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ