Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Այս կերպ 71-ամյա ղեկավարն արձագանքել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:
«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու հետ»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
Թրամփի հայտարարությանը հաջորդել է ՌԴ ԱԳՆ պատասխանը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր Ֆեյսբուքի էջում նշել է, որ Թրամփի հիշատակած ամերիկյան հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների և ոչ թե դրանց դեմ տարիներ շարունակ պայքարող օրինական կառավարության ուղղությամբ:
Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի «խելացի» հրթիռները, որոնց մասին խոսում է նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը