Ապրիլի 12-ին Սիրիայի մերձափնյա շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսական Հմեյմիմ ավիաբազան և ՌԴ ՌԾՈՒ նյութատեխնիակական մատակարարման բազան, միմյանց հերթագայելով հետախուզական թռիչքներ են կատարել առնվազն 7 ամերիկյան օդանավեր: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին նշված է արևմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիթորինգային տվյալներում:
Սիրիայում ռուսական բազաների մոտ բազմաժամյա թռիչքներ են իրականացրել ԱՄՆ ՌԾՈՒ P-8A Poseidon հակասուզանավային 6 պարեկային օդանավեր, որոնք օդ են բարձրացել Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելա ավիաբազայից, ինչպես նաև ԱՄՆ ՌԾՈՒ մեծ շառավղով ռադիոէլեկտրոնային հետախուզության EP-3E Aries II օդանավը, որը բազավորված է հունական Կրետե կղզում:
Միաժամանակ, Սիրիա է ուղարկվել նաև օդային հետախուզության օդանավ և բրիտանական Թագավորական ՌՕՈՒ հարվածների կառավարման Sentinel R.1:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը