Եվրոպական 20 երկիր մտադիր է արտաքսել ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչներին: Այդ մասին գրում է The Times-ը:
Ըստ պարբերականի` դրանց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Չեխիան, Իռլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան:
Դա կապված է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, որի մեջ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում:
Արտաքսումների առաջին փուլը կսկսվի մարտի 26-ից, նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության առաջնորդները համաձայնել են Մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար:
Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Ռուսաստանից արձագանք էր ստացվել 23 դիվանագետի արտաքսմամբ:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը