Zham.am-ը գրում է.
Երեկ Մոլդովայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, և զուգահեռաբար, հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ:
Մինչ ընտրությունները, այդ երկրի իշխանությունները հիմնովին «մաքրել էին» քաղաքական դաշտը, որպեսզի նրա թեկնածուն՝ գործող նախագահ Մայա Սանդուն, հեշտությամբ կարողանար վերընտրվել հենց առաջին փուլով:
Միաժամանակ, ընդդիմադիր գործիչների վրա «կարվել էին» տարբեր բնույթի շինծու քրեական գործեր, որպեսզի վերջիններին դուրս թողնեին ընտրական գործընթացներից:
Դրան գումարած, հիմնովին վերահսկվում էին երկրի ԶԼՄ-ները, ինչի արդյունքում ընդդիմադիր գործիչներն իրենց տեսակետները կարող էին ներկայացնել շատ քիչ թվով լրատվամիջոցներով:
Իսկ ինչ վերաբերվում է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի խնդրին, ապա պետական քարոզչությունը մանիպուլյացրել էր բնակչությանը, որ, իբր, բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ են արտահայտվում ԵՄ-ի հետ ինտեգրվելուն:
Այդ քարոզչությունն այն աստիճանի էր ազդել, որ նույնիսկ ընդդիմադիր գործիչներն էին խուսափում դեմ արտահայտվել ԵՄ-ի հետ ինտեգրման գաղափարին՝ մտածելով, որ դրա արդյունքում կարող էին կորցնել ընտրողների ձայները:
Միակ քաղաքականն ուժը, ով հստակ դիրքորոշում ուներ այս հարցում, դա «Հաղթանակ» միավորումն էր, սակայն այդ ուժին թույլ չտվեցին մասնակցել ընտրական գործընթացին:
Արևմտյան կենտրոնները, որոնք փաստացի ղեկավարում են Մոլդովան, որպեսզի իրենց դրածո թեկնածուի հաղթանակն անշրջելի դարձնեին, իրեն մրցակից էին «նշանակել» ազգության գագաուզ Ստեֆանոգլուին՝ հույս ունենալով, որ գագաուզը Մոլդովայում շատ ձայներ չի հավաքի:
Սակայն, Արևմուտքի գրեթե բոլոր ծրագրերը խափանվեցին, և պարզվեց, որ այդ ժողովրդի ոչ թե 90 տոկոսն է կողմ եվրաինտեգրմանը, այլ նույնիսկ 50 տոկոսից էլ քիչ են այդ ուղու կողմնակիցները: Իսկ բուն Մոլդովայում ապրողների մեծ մասը դեմ է ԵՄ-ին ինտեգրվելուն:
Ինչ վերաբերում է Սանդուին, ապա նա չկարողացավ առաջին փուլով հաղթանակ տանել, իսկ նրա գլխավոր ընդդիմախոսը կարողացավ հավաքել ձայների ավելի քան 26 տոկոսը, ինչը սենսացիա էր:
Մոլդովայում կիրառվեց ընտրակեղծիքների գեբելսյան տարբերակներից մեկը
Որպեսզի Սանդուն և հանրաքվեն հաղթանակ տանեին, արևմտյան կենտրոնները հրեշավոր մեթոդի դիմեցին:
Մոլդովայում այսօր ապրում է մոտ 2,5 մլն մարդ: Եվրոպական երկրներում՝ ևս մոտ 900 հազար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 500 հազար:
Ամերիկացիներն ու եվրոպացիները գիտեին, որ բուն Մոլդովայում ապրող բնակչությունը պարզապես ատում է թե՛ Սանդուին, և թե՛ Արևմուտքին: Սակայն իրենց համար Մոլդովայի ընտրությունների և հանրաքվեի արդյունքն անչափ կարևոր էին, այլ հետխորհրդային երկրների ազդեցության համար և մասնավորապես՝ Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի համար:
Եվ ահա, որպեսզի Մոլդովայում իրենք «հաղթանակ» տանեն, որոշեցին այդ հանրաքվեն և ընտրությունները կեղծեն մեծ չափով: Հակառակ դեպքում՝ իրենց նպատակին չէին կարող հասնել:
Այդ իսկ պատճառով, Ռուսաստանում ապրող մոտ 500 հազար մոլդովացիների համար Մոսկվայում բացել էին ընդամենը... երկու տեղամաս՝ բաժանելով ընդամենը... 10 հազար քվեաթերթիկ:
Իսկ Եվրոպայում, որտեղ ապրում են մոտ 900 հազար մոլդովացի, բացել էին 200 ընտրատեղամաս և բաժանել էին... 840 հազար քվեաթերթիկ:
Սա արդեն շարքային ընտրական հանցանք չէ, այլ միջազգային մասշտաբի հանցագործություն, որն իրականացրել են այսօրվա Մոլդովայի իշխանություններն՝ իրենց արևմտյան տերերի հետ միասին:
Արդյունքում սրանք նույնիսկ Հանրաքվեի համոզիչ թիվ չեն կարողացել ստանալ: Իսկ ինչ վերաբերում է Սանդուի թվերի նկարչությանը, ապա Մոլդովայի բնակչությունը ցույց տվեց, որ պատրաստ է նույնիսկ քվեարկել ազգային փոքրամասնության ներկայացուցչի օգտին, միայն թե ոչ՝ Սանդուի:
Ընդ որում, Սանդուի հիմնական մրցակիցը՝ Ստեֆանոգլուն, նույնիսկ իր հարազատ Գագաուզիայում մեծ հեղինակություն չունի, բայց արի ու տես, որ ընդդեմ Սանդուի՝ կարողացավ ստանալ ձայների ավելի քան 26 տոկոսը:
Այս ամենից հետո կարող ենք արձանագրել հետևյալ փաստը, այն է՝ Արևմուտքը հետխորհրդային տարածքում արդեն խոշոր պարտություն է կրել: Մարդիկ Ուկրաինայի օրինակով չեն ուզում դառնալ Արևմուտքի «մանրադրամը», իսկ որ Արևմուտքում տիրում է իրականում ռասիստական տրամադրություն՝ այլ տարածքներում ապրող ժողովուրդների նկատմամբ, արդեն տեսանելի է դարձել աշխարհի բոլոր ժողովուրդների համար:
Եվ հայ ժողովուրդն այս շարքում բացառություն չի կազմում:
Սա՛ է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը