15 03 2018

Ծայրահեղ լարված վիճակ՝ ռուս-բրիտանական ճակատում

Ծայրահեղ լարված վիճակ՝ ռուս-բրիտանական ճակատում

Մեծ Բրիտանիան, գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի առիթով դադարեցրել է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ շփումները: Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է  երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ։

23 ռուսաստանցի դիվանագետների մեկ շաբաթ ժամանակ է տրվել Անգլիան լքելու համար, ինչպես նաև չեղարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված  Լոնդոն այցելելու հրավերը: Իսկ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Թերեզա Մեյի խոսքով՝ դիվանագետները ռուսական գաղտնի հետախուզության աշխատակիցներ են:

Այս մասին հայտնում է խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը:

Մեծ Բրիտանիան պահանջել է անհապաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ տեղեկացնելու համար Սոլսբերիում նյարդա-պարալիտիկ նյութի կիրառմամբ հարձակման հետաքննության մասին:

Թերեզա Մեյը հայտարարել է Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: «Մենք կսառեցնենք Ռուսաստանի պետական ակտիվները, եթե ապացույց գտնենք, որ դրանք կարող են վտանգ ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կամ բնակիչների կյանքին ու սեփականությանը»,- ասել է նա և հավելել, թե ցնցող միջադեպից հետո անհնար է Ռուսաստանի հետ հարաբերությունները թողնել նախկին մակարդակի վրա:

Հայտնի է, որ ՌԴ-ն մտածում է պատասխան քայլերի մասին:

Երկրի արտգործնախարարությունն աննախադեպ սադրանք է որակել Մեծ Բրիտանիայի քայլը: «Ակնհայտ է, որ առաջնորդվելով տվյալ միջադեպի հետաքննության միակողմանի և ոչ թափանցիկ միջոցների կիրառմամբ՝ բրիտանական իշխանությունները հերթական անգամ փորձել են հակառուսական քարոզարշավ սկսել: Իհարկե, մեր պատասխան միջոցները չեն ուշանա»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը չի բացառել Լոնդոնի հետ նվազագույն դիվանագիտական մակարդակի հաստատումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ