17 07 2024

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատել են ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատել են ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը

Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։

«Այժմ արդեն՝ անդամ 27 երկրների հավանությունից հետո, հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը, հավելելով՝ առջևում տևական գործընթաց է սպասվում։

«Դա նշանակում է, որ կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ, որոնք կշարունակվեն մի քանի տարի։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են, այնպես որ ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։

Այսօր ընդունված որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կչեղարկվի, երբ Հայաստանը լիարժեք կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին։ Որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար։

«Սա հարյուրավոր էջերից բաղկացած ծավալուն պահանջների մի ցանկ է, որը Հայաստանը պետք է իրագործի, և դրա համար տարիներ կպահանջվեն», - ասում է փորձագետը։

Անհրաժեշտ գործողությունների այդ ծրագիրը կազմելու և ներկայացնելու համար Բրյուսելից մոտ կես տարի է պահանջվում, բայց, քանի որ հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո նոր Եվրահանձնաժողով դեռ չի ձևավորվել, ակնկալվում է, որ Հայաստանի դեպքում պահանջների այդ ցանկը կներկայացվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։ Դրանք լիարժեք իրագործելուց հետո, սակայն, Հայաստանը ևս մեկ կարևոր խոչընդոտ պետք է հաղթահարի։

«Այս հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց․ մեկը Եվրախորհդարանն է, որտեղ Հայաստանն անհրաժեշտ աջակցությունն ունի, երկրորդն՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին իրենց համաձայնությունը տան, ինչը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ հիմա Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ», - պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։

Նրա փոխանցմամբ, երկու տարի առաջ Վրաստանին վիզաների ազատականացում տալուց հետո Եվրոպայում բողոքում են, որ հանցավոր խմբերն են օգտվում դրանից, կամ որ Վրաստանի քաղաքացիները գալիս են այդ ճանապարհով, հետո փորձում փախստականի կարգավիճակ ստանալ։ Ուստի մի շարք երկրներ, մասնավորապես, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, մեղմ ասած, շատ զգուշավոր են հավելյալ երկրների վիզաներից ազատելու հարցում։

Այս պահին անարգել՝ առանց վիզայի Եվրամիություն մտնելու հնարավորությունից օգտվում է 60 երկիր․ պահանջը մեկն է՝ այդ երկրի քաղաքացիները 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր կարող են անցկացնել շենգենյան գոտում։ Պահանջը շարունակաբար խախտելու, ինչպես նաև մյուս բարեփոխումները չշարունակելու դեպքում Բրյուսելը կարող է առանց վիզաների ռեժիմը չեղարկել։

«Այսինքն, կարող եք ստանալ այդ արտոնությունը՝ տևական աշխատանքից հետո, կարող եք նաև կորցնել, և դա կարող է շատ արագ լինել։ Օրինակ, հենց հիմա քննարկվում է Վրաստանին այդ հնարավորությունից զրկելու հարցը», - նշեց Յոզվյակը։

Ի դեպ, այսօրվա նիստում Եվրամիության անդամ երկրները հաստատեցին նաև Հայաստանին ԵՄ Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը։ Այդ գումարով նախատեսվում է Հայաստանի Զինուժի համար դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի չափով։

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության հիմադրամից Հայաստանին օգնելու որոշումները ընդունվեցին Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում սերտացած բանակցությունների ֆոնին։

«Այս որոշումները ցույց են տալիս, որ Հայաստանը մի փոքր ավելի է թեքվում դեպի Բրյուսել, բայց քննարկումները ԵՄ անդամակցության մասին դեռ շատ վաղաժամ են։ Դիտարկենք հենց ձեր հարևանությամբ գտնվող երկրները․ Վրաստանը ստացել է առանց վիզայի ռեժիմ, Ասոցացված համաձայնագիր, անդամակցության թեկնածուի կարգավիճակ, բայց այդ ամենով հանդերձ՝ Եվրամիության անդամ դառնալուն ավելի մոտ չեն, քան էին մի քանի տարի առաջ։ Նրանք փոքրիկ քայլեր են անում, ձեզնից մեծ ցատկեր կպահանջվեն», - ասաց Յոզվյակը։

Անցած հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը Եվրախորհդարանում հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։

Այս հայտարարությունից ամիսներ անց՝ այս ամսվա սկզբին, Երևանում, Փաշինյանը ասաց, թե չգիտի՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն ընդունել Հայաստանին որպես կառույցի լիիրավ անդամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ