29 04 2024

Նույնն է, ոնց որ գառանը հանձնես գայլին, որ պահի գառան անվտանգությունը. Արմեն Ռուստամյան



Այսօր դրված է հայ տեսակի լինել-չլինելու հարցը։ Եվ հարցերի հարցը՝ կարո՞ղ ենք պահպանել մեր ինքնությունը, թե՞ ոչ։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհրդի» քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ժողովրդի մեջ լրջորեն քարոզչություն է իրականացվում՝ թե՛ դրսից և թե՛ ներսիվ, որ ապացուցեն մեր անկարողությունը։ Դրսից՝ թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր է դրել, որ մեզ զրկի սեփական ուժի աղբյուրներից և դրանով փաստի, որ անկարող ենք, ներսից էլ՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ցամաքեցնեն այդ աղբյուրները, որ մենք մեր ուժի աղբյուրների տեղը չտեսնենք։ Եվ այս ամբողջ զիջումների շղթան դրանով է պայմանավորված։ Դուրս է գալիս, որ այս իշխանությունների պատկերացրած այսպես կոչված անվտանգային համակարգի երաշխավորը ոչ այլ ոք է, քան Թուրքիան և Ադրբեջանը։ Սա պետք է շատ հստակ արձանագրվի, որ մեր ժողովուրդն ընդունո՞ւմ է, որ իր երաշխավորը պետք է լինի թուրք-ադրբեջանական տանդեմը։ Եվ այդպիսի ապագա պատկերացնո՞ւմ է ընդհանրապես։ Դա նույնն է, ոնց որ գառանը հանձնես գայլին, որ պահի գառան անվտանգությունը։ Մենք մեր պատմության մեջ քանի՞ անգամ կարող ենք այս նույն բանը տեսնենք ու սխալվենք։ Իսկապես հասել է պատմական ճշմարտության պահը» ,- նշեց Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ