«Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու»,- Եղեգնաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Փոխենք արտաքին քաղաքական վեկտորը, և Արևմուտքը կապահովի մեր անվտանգությունը» խոսույթը զուրկ է հիմքից: Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող: Մենք Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ հարցեր, սակայն ունենք նաև ռազմավարական դաշնակցային պայմանագիր։ Ունենք մի շարք հնարավորություններ՝ մեր հարաբերությունները վերականգնելու, կարգավորելու, փոխվստահության մթնոլորտում մեր անվտանգային հարցերը լուծելու։ Իրանի հետ ևս ունենք բազմաթիվ հնարավորություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս և շատ ուղիղ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է: Փաշինյանի խոստումները Արևմուտքի հետ մերձեցումից՝ «ազատ վիզա», «բարեկեցիկ կյանք», անիրատեսական են․ իրականությունը, որում ապրում ենք, այլ է: Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար։ Այսօր ռուսներին դարձրել է Հայաստանի ինքնիշխանության «սպառնալիք» ու ՔՊ-ով հանդերձ՝ անընդհատ հայտարարում են այդպես, բայց ոչ մի թթու խոսք Թուրքիայի և Ադրբեջանի մասին։ Վերջին բառերն են ասում Ռուսաստանին։ Իսկ լսե՞լ եք՝ մի անգամ Ադրբեջանին ու Թուրքիային կես բերան ինչ-որ բան ասեն։ 5 000 մարդ են կոտորել, մեր հայրենիքն են զավթել, ցեղասպանություն են իրականացրել ժողովրդի նկատմամբ․ ոչ մի խոսք։ Ինչու՞՝ որովհետև իրենց՝ իշխանության մնալու երաշխիքը այսօր նաև Թուրքիան ու Ադրբեջանն են, և նրանցով այսօր ամենաշատն են շահագրգռված»,- ասաց նա։
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը