09 04 2024

Փաշինյանը հայ ժողովրդին դարձրել է դրսի խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարել է.

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական հակադրությունների թատերաբեմ, հայ ժողովրդին՝ դրսի խաղերի մանրադրամ։ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցածը ոչ թե ավելացրել է մեր անվտանգային կարողությունները և դիվերսիֆիկացրել մեր տնտեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակը։

Բրյուսելում ընդամենը քննարկվում էր Հայաստանը հակառուսական ու հակարիանական պոլիգոնի վերածելու սցենարը, մեր երկիրը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը։

Ամեն ինչ սկսվեց Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին։ Փաշինյանի համաձայնությամբ և Ալիևի կատարմամբ Արցախը հայաթափվեց։ Շարլ Միշելի շուրթերով Արցախի հայությունը սկզբում հռչակվեց որպես «Արցախի էթնիկ հայ բնակչություն», հետո ստացանք արցախահայության էթնիկ զտում։ Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար։

Հայաստանի իշխանությունները մի հրեշավոր բանաձև էին առաջ քաշել, այն է՝ Հայաստանը խաղաղ կապրի, եթե Արցախը հանձնենք Ադրբեջանին։ 

Իրականությունն այն է, որ Արցախը հայաթափվեց, ու հիմա զոհասեղանին է դրված Հայաստանը, քանզի Պրահայում Փաշինյանը, հանուն սեփական շահերի, պատռեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը 44-օրյա դավադիր պատերազմից հետո Արցախի հայկական մնալու երաշխիքն էր, և որն ի հեճուկս Փաշինյանի ցանկության էր ամրագրվել։

Հարգելի՛ ժողովուրդ,

Հիմա քեզ մեկ այլ սուտ են հրամցնում։ Ասում են, թե, իբր, ԵՄ դիտորդները սահմաններում խաղաղություն են ապահովելու, և Հայաստանը շուտով ԵՄ անդամ է դառնալու։ Ասում են, թե ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր երկրի շահերից է բխում ու ՆԱՏՕ-ն մեզ կփրկի։ Սո՛ւտ է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարողություն և ծրագիր չունի։ Արևմտյան արժեքները չի՛ կարելի շփոթել արևմտյան վեկտորի ընտրության հետ։ Դա շատ դաժան վերջաբանի կարող է հանգեցնել։

Մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնելու։ Հատկապես որ Արևմուտքի խնդիրը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ Ինքը գիտի, որ արժանանալու է Սահակաշվիլու ճակատագրին։ Դրա համար էլ առաջնոդվում է «Կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։ Հայաստանի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիևին։

Այս ամենին պետք է վերջ տալ։ Փաշինյանի հեռացումը խաղաղության ու մեր պետականության պահպանման գլխավոր նախապայմանն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ