Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որ սահմանազատման ու սահմանագծման համար չկա համաձայնեցված քարտեզ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց, որ մոտ մեկ տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանը գալիս ու պնդում էր, որ կան ԽՍՀՄ տարբեր ժամանակներում գծված քարտեզներ, որոնք ամբողջությամբ տալիս են դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցերի պատասխանները։
«Մենք ի պատասխան դրա պնդում էինք, որ չկան այդ քարտեզները, հստակ չեն և եթե ինչ-որ տեղ գտնվում են այդ քարտեզները, դրանք չեն կարող միջպետական սահմանի սահմանազատման, առավել ևս երկկողմ պայմանագրի հիմք հանդիսանալ, որովհետև դրանք Սովետական միության ներքին օրենսդրությանը համապատասխան գծված քարտեզներ են, եղել են խորհրդային համայնքների կամ ժողովների կողից գծված սահմաններ, որոնք որևէ կերպ կապ չունեն միջպետական սահմանների գծման հետ։ Հիմա արդեն իշխանությունը պահելու համար մեկ այլ որոշում է պետք կայացնել, հետևաբար այդ քարտեզներից ոչ մեկն իրեն ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս, պետք է գտնել այլ որոշում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ Զինված ուժերը որտեղ գտնվում են, դրանք ՀՀ տարածքներ են։ Նիկոլ Փաշինյանը, որևէ պետական մարմին կամ որևէ պաշտոնյա իրավունք չունի ինքնուրույն կայացնել զորքերը հետ քաշելու որոշում։ Դրանք պետական հանցագործություններ են, իրենց մեջ հանցակազմ պարունակող գործողություններ են»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը