Ինձ համար, իհարկե, շատ ավելի նախընտրելի կլիներ գալ այս ամբիոնի մոտ և հայտարարությունների համար հատկացված այս ողջ ժամանակամիջոցը նվիրել մեր անցյալի հաղթանակներին, արժանապատիվ երկրին ու երբեմնի ձեռքբերումներին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Կուզենայի նաև ունենալ օբյեկտիվ հնարավորություն՝ անդրադառնալ երբեմնի արտաքին քաղաքականությանը, որը հեշտությամբ աշխարհի ամենաբարձր ամբիոններից գրողի ծոցն էր ուղարկում ցանկացած հակահայկական օրակարգ։
Ես վստահ եմ, իհարկե, որ ձեզ էլ հպարտության հիշողություններ կպարգևեի, եթե ուղղակի լսեիք, որ ինչ-որ մեկը այս ամբիոնից կխոսեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, կխոսեր հզոր հայկական Սփյուռքի մասին, կասեր, որ Ուրարտուից մինչև Արևմտյան Հայաստան, Վանա լճից մինչև Արարատ լեռ, դրանք ոչ թե սպառնալիքներ են, այլ՝ հազարամյակներով մեզ հասած հայկական ժառանգություն, հայ ժողովրդինը։
Բայց իշխանազավթները, հանդգնում եմ ոտնձգել ձեր ապագային, լրիվ այլ ծրագրեր ունեն՝ այս հիշողությունները ջնջել ու սպանել, և 2018 թվականին իրենց՝ փողոց հանած դագաղների մեջ այս հիշողությունը ուղղակի թաղել։
Իրենց ապագայի ֆորմուլան բոլորին հայտնի է և իրենց իսկ ոճով կհնչի այսպես՝ «երկիրդ ուրացի՝ աթոռդ պահի, իշխանությունը պահի՝ ու հա դավաճանի» »,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը