07 03 2024

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը օգուտ կբերի․ Միրզոյան

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը օգուտ կբերի․ Միրզոյան

Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը։ Այս մասին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներին և սահմանի բացման հնարավորությանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

«Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը:

Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է, որ դրանք ակնհայտ են։

«Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի միջավայրին՝ Միրզոյանը հայտնել է. «Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցել Ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ»։

Անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայացմանը՝ նախարար Միրզոյանը հիշատակել է երկրաշարժից հետո իր այցը Թուրքիա՝ աղետի գոտի, ինչպես նաև Անկարա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ