ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վազգեն Սարգսյանի հոբելյանին շարունակվում է նրա զավակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը և ոգեզրկումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից.
• Ռազմական զորավարժությունների փոխարեն՝ «թիթեռ նկարելու» մարզական տարատեսական բեմականացումներ, երբ ժամերով ՀՀ ԶՈՒ և ՊՆ ղեկավարները վայելում են այդ հերթապահ միջոցառումները:
• Ատեստացիայի անվան տակ բարձրագույն զինվորականներին դարձրել են աշխատավարձ բարձրացնելու գլխավոր դերակատարներ և հրապարակային գործող անձինք:
Շարքը կարելի շարունակել, բայց վերջին ու ակնառու խայտառակությանը Պաշտպանության նախարարությունն անգամ արդարացում չի կարողանում գտնել:
Արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է, անգամ փաստեր են ներկայացվում, որ զորամասերից հեռացվում են Փառքի անկյունները, հանվում են մեր նահատակ հերոսների լուսանկարները: ՊՆ պարզբանումն էլ խիստ էսթետիկ էր՝ լուսանկարները մաշվել են, Փառքի անկյուններում արդիականացման աշխատանքներ են տարվում:
Դեռ փետրվարի 12-ին հարցում էի ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թե գրավոր ի՞նչ հանձնարարական կա Փառքի անկյունների թարմացման վերաբերյալ, ի՞նչ ժամկետներում է նախատեսված իրականացնել արդիականացումը: Ինչպես հաճախ է լինում, նախարարությունը, օրենքի պահնաջների խախտմամբ, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ նաև այս հարցին:
Ի դեպ, արդեն երկու տարի, հակառակ իմ կողմից բազմիցս բարձրաձայնումների, չեն կարողանում բացատրել նաև, թե ինչպես կամ ինչու ՊՆ կայքից անհետացավ Արցախյան ազատամարտ բաժինը: Եվ այսպես Զինված ուժերում հետևողական ուրանում են անցյալը, մեր հաղթանակները, նահատակներին, Վազգեն Սարգյանին. սպարապետի հիշատակն էլ դարձրին լոկ մարզախաղ: Ուրացումը շարունակվում է: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թշնամաբար «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պատից հեռացրել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը