14 06 2023

Միրզոյան-Բայրամով բանակցությունները հետաձգվել են․ ԱՄՆ պետքարտուղարություն

Միրզոյան-Բայրամով բանակցությունները հետաձգվել են․ ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր այս շաբաթ Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում, հետաձգվել է Բաքվի խնդրանքով։

«Ցավոք, այս հանդիպումը չկայացավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք, որ այն տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», - ասաց Միլլերը:

Ինչպես նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը։ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ ուղղակի երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման բանալին է: «Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նախորդ նախարարական բանակցությունները Վաշինգտոնում տեւել են 4 օր (մայիսի 1-4)։ Նրանք երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ