02 05 2023

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ: «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ,  հաղորդել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հաստատման համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Բանակցություններն ընթանում են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: 

Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ:

«Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

Ըստ պետքարտուղաության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը:

Լաչինի միջանցքի հարցում ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:

Վաշինգտոնը նաև հույս է հայտնում, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում անմիջական և անկեղծ քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար և ընդգծում է իր հանձնառությունը աջակցելու այդ գործընթացին»,-գրում է աղբյուրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ