20 01 2023

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեի ներկայացուցիչները բողոք-նամակ են փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանին

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեի ներկայացուցիչները բողոք-նամակ են փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանին

 ՀՅԴ Մոսկվայի Առանձնակի կոմիտեության ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցեցին բողոք-նամակ՝ ուղղված Դաշնակցության դեմ բռնաճնշումների կանխմանն ու քաղբանտարկյալ ընկեր Գառնիկ Մանուկյանի ազատ արձակմանը։

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը շարունակում է լինել գործիք իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար: Հունվարի 11-ի վաղ առավոտյան ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, և մեր որոշ ընկերների բերման են ենթարկել: Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցված բողոք-նամակում, որի պատճենը պետք է փոխանցվի ՀՀ վարչապետին, ՀՅԴ Մոսկվայի Առանձնակի կոմիտեության ներկայացուցիչները վրդովմունքով հիշեցրել են, որ արդեն մի քանի օր է , ինչ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ և շինծու գործի շրջանակներում կալանավորվել է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը։ Այդ ապօրինի որոշմանը արդեն իսկ նախորդել էին ՀՀ Քննչական կոմիտեի կողմից Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում չհիմնավորված և ապօրինի խուզարկությունները, ձերբակալությունները և հարցաքննությունները, որոնք ունեին մեկ հիմնական նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունն ու բռնաճնշումների միջոցով փորձել ջլատել Դաշնակցության պայքարի ոգին, վարկաբեկել Դաշնակցությանն ու դաշնակցականներին, ինչը ոչ միայն արկածախնդրություն է, այլև ուղղակիորեն հարվածում է մեր ազգային անվտանգությանն ու համախմբմանը։

«ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեն խստորեն դատապարտում է ՀՅԴ անդամների և համակիրների հանդեպ բոլոր տիպի ապօրինի ճնշումները, պահանջում է ազատ արձակել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանին և դադարեցնել ազգային ուժերի հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդման փորձերը։

Որևէ բռնաճնշում չի կարող մեզ շեղել մեր պայքարի հիմնական ուղուց։ Ինչպես միշտ, այնպես էլ Հայրենիքի համար այս օրհասական և դժվարին պահին, երբ Արցախը հայաթափելու և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի ծրագիրը մնացել է անփոփոխ, իսկ Փաշինյանն իր թիմով ջանասիրաբար պայքարում է այդ ծրագրի խոչընդոտների դեմ՝ ՀՅԴ-ն միասնական է և անկոտրում։

Կրկին անգամ պահանջում ենք քաղբանտարկյալ Գառնիկ Մանուկյանի շուտափույթ ազատումն ու կոչ ենք անում ներքին թշնամիներ փնտրելու փոխարեն գործողություններ ձեռնարկել Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի քան 120 հազար հայրենակիցներ Արցախում մնացել են ամբողջական շրջափակման մեջ, օկուպացված է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի զգալի մասը, թշնամին ամեն օր ավելի է մոտենում հայկական հարցը փակելու իր արյունոտ ծրագրի վերջին էջին, իսկ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պայքարում են Դաշնակցության և նրա համակիրների դեմ ինչպես ամրոցը հանձնող դավաճանը, որի ամենամեծ խոչընդոտը ամրոցի պահապաններն են», -  նշված է ՀՅԴ Ռուսաստանի Առանձնակի Կոմիտեի նամակում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ