Հուսով եմ՝ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Գնահատում եմ այդ ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը, որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են անցկացվել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտեցել խաղաղությանը, Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Ալիևն, անդրադառնալով այսօր կայացած քառակողմ հանդիպմանը, նշել է․
«Այս հանդիպման ընթացքում կարևոր հարցեր են քննարկվել, և ես կարծում եմ, որ այս հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Համենայն դեպս, շփումները շարունակվում են։ Մենք պայմանավորվել ենք, որ ընթրիքից հետո կրկին միասին կհավաքվենք։ Ամեն դեպքում, խաղաղության գործընթացն իմպուլս է ստացել»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն։
«Ինչպես հայտնի է, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, և, մեր դիտարկմամբ, այդ գործընթացն ընդհատելու կարիք չկա։
Մոտ ժամանակներս նախարարները պետք է երկրորդ անգամ հանդիպեն, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը միասին հավաքվեն ու մի քանի օրվա ընթացքում աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած, դա մեր մտադրությունն է»,- ասել է Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը