Yerkir.am-ը գրում է․
«Չէի անդրադառնա քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների այսօրվա հայտարարությունների անհեթեթ մտքերին, եթե դրանք իրենց մեջ առերևույթ հանցագործություն պարունակող արարքներ չներառեին»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ընդդիմության բոյկոտից՝ ԱԺ-ում Արցախի դրոշներ տեղադրելուց և Արցախ մեկնելուց հետո, իշխող թիմի հայհոյախառն ելույթների մասին։
«Դրանք հայտարարություններ էին, որոնք մի կողմից ուղղված էին Ադրբեջանի՝ իրենց համար սիրելի ղեկավարությանը, որպեսզի նոր էսկալացիա իրականացնեն Արցախում և Հայաստանի սահմանների վրա, երկրորդը՝ ահաբեկելու հայ հասարակությանն ու հայ ժողովրդին, թե իբր բոլոր նրանք, ովքեր փորձում են հայ ժողովրդի իրավունքները պաշտպանել, ըստ էության, հայ ժողովրդին մղում են կործանման»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծում է, որ սրանք են իշխանությունների հիմնական թեզերը, և պատահական չէ, որ ՔՊ-ական պատգամավորները, որոնք փորձեցին ԱԺ ամբիոնից հեռացնել Արցախի դրոշը, ակնհայտորեն ցույց են տալիս, որ մեր ժողովրդի և մեր պետականության հետ որևէ կապ չունեն։
«Արձանագրենք, որ եթե Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից որևէ գործողություն տեղի ունենա Արցախի հանդեպ կամ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ամբողջ պատասխանատվությունը և ամբողջ մեղքը Հայաստանի այսօրվա գործող իշխպանություններին է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Աննա Բալյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը