10 04 2022

Մարաղայի դաժան ջարդերի 30-րդ տարելիցն է․ հիշատակի օր, որն օրենքում ամրագրել ՔՊ-ն մերժեց. Արեգնազ Մանուկյան

Մարաղայի դաժան ջարդերի 30-րդ տարելիցն է․ հիշատակի օր, որն օրենքում ամրագրել ՔՊ-ն մերժեց. Արեգնազ Մանուկյան

Այս խմբակի՝ իշխանության մնալու դեպքում մի օր էլ Հայաստանի բնակչության դաժան ջարդերի օր սահմանելու անհրաժեշտություն է առաջանալու, եթե, իհարկե, այդ օրն ամրագրող սուբյեկտ քարտեզի վրա գոյություն ունենա։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը` անդրադառնալով Մարաղայում 30 տարի առաջ տեղի ունեցած հայ բնակչության կոտորածին:

«Մարաղայի դաժան ջարդերի 30-րդ տարելիցն է․ հիշատակի օր, որն օրենքում ամրագրել ՔՊ-ն մերժեց

Այսօր հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված Մարաղայի դաժան ջարդերի 30-րդ տարելիցն է։

1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղ և խոշտանգեցին ու սպանեցին հայ բնակչությանը։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ կանայք։

Երկու շաբաթ անց Մարաղան երկրորդ գրոհին ենթարկվեց, որի ընթացքում իրենց հարազատներին հուղարկավորելու համար Մարաղա վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ դարձան։

Մարաղայի վրա հարձակումը բացառապես ուներ հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ, և շարունակությունն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Ադրբեջանի այլ բնակավայրերի, ինչպես նաև Արցախի գյուղերում հայկական բնակչության կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության:

Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն արմատավորման, և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության, ինչն էլ առավել ցայտուն դրսևորվեց թե՛ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումով, թե՛ առ այսօր Ադրբեջանի կողմից շարունակվող այլ հայատյաց գործողություններով:

Հիշեցնեմ, որ խորհրդարան առաջարկ էի ներկայացրել «ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: Հարկ էր ընգծել, որ ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս։ Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։

Սակայն, ինչպես և սպասվում էր, ՔՊ-ն՝ անհեթեթ ու չտրամաբանված պատճառաբանություններով, մերժեց Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը։ Նրանցից մեկն ասում էր, թե օրենքը հիշատակի ավելորդ օրերով պետք չէ ծանրաբեռնել, մյուսը, թե՝ մտավախություն ունեն, որ այն կխանգարի Ապրիլի 24-ի հիշատակի օրվան, էն մյուսը՝ պետք չէ անընդհատ սգալ, էն մյուսն էլ․․․ մի խոսքով, այլ շենքից հրահանգ էին ստացել օրինագիծը մերժել, իրենք էլ՝ որպես հլու կամակատարներ, հրահանգը դակեցին։

Բայց դե մի խմբակից, որը մերժում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, որը աջուձախ անամոթաբար հայտարարում է, թե կարելի է դիտարկել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կամ առնվազն ուղիղ կերպով՝ որպես կարմիր գիծ, չի բացառում դա, խմբակ, որը կործանեց Արցախը և հիմա էլ Հայաստանն է դարձրել աշխարհաքաղաքական մանրադրամ և խաղաղության դարաշրջանի անվան տակ նոր՝ ավելի խոշորամսշտաբ պատերազմ է բերում Հայաստանի գլխին, այլ բան սպասել հնարավոր չէր։

Այս խմբակի՝ իշխանության մնալու դեպքում մի օր էլ Հայաստանի բնակչության դաժան ջարդերի օր սահմանելու անհրաժեշտություն է առաջանալու, եթե, իհարկե, այդ օրն ամրագրող սուբյեկտ քարտեզի վրա գոյություն ունենա»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ