Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայամետությու՞ն թե՞ ցեղասպանամետություն, կամ ի՞նչ է թաքնված կեղծ հայամետության քողի տակ
Ռուսաստան-Արևմուտք պատերազմից հետո մեր դաշտում այսպիսի խոսույթ հայտնվեց. մենք ո՛չ արևմտամետ ենք(իրականության մեջ մեր տարածաշրջանում արևմտամետ չկա. կա թուրքամետ) ո՛չ ռուսամետ. մենք հայամետ ենք:
Նախ՝ ինչ ասել է հայամետ: Ճշմարիտ հայամետը մտածում է հայ էթնոսի հարատևման և հայոց Հայրենիքի՝ Հայաստանի լինելության, հզորության և անվտանգության մասին:
Ինչպիսի՞ աշխարհագրական և աշխարհաքաղաքական միջավայրում է գտնվում Հայաստանը. շրջապատված է չորս հարևաններով՝ Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Վրաստան:
Իրանին (որը Հայաստանը տեսնում է որպես Էրիվանի խանություն) և Վրաստանին(հայ-վրացական պատերազմին երևի ծանոթ եք) դեռ առիթ կլինի անդրադառնալու, հիմա կարևոր է խոսել Թուրքիայի և Ադրբեջանի մասին:
Այս երկու պետությունները բացառում են հայի և Հայաստանի գոյությունն իրենց խոսքով և գործով, սրա օրինակները բերելն անիմաստ է թերևս, պետք չէ գնալ հարյուր տարի հետ, բավական է ամեն օր լուրերի հետևել և հասկանալ:
Այս երկու պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, որդեգրել են «Մեկ ազգ, երկու պետություն»քաղաքականությունը և այդ տրամաբանությամբ մեկը մյուսին լրացնելով շարժվում են առաջ. այս մեկ ազգ կոչվածը մոտ հարյուրմիլիոնանոց հանրույթի մասին է, որն ունի ՆԱՏՕ-ում երկրորդ, աշխարհում՝ 8-րդ բանակը:
Ինչպե՞ս պետք է Հայաստանը պաշտպանի հային առանց դաշնակցի:
Հայի և Հայաստանի միակ բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է՝ իր աշխարհաքաղաքական բևեռ Ռուսաստանով:
Ինչու՞ բնական դաշնակից, քանի որ այս մեկ ազգի երկու պետություններն ուզում են միանալ իրար և միանալով հասնել մինչև հյուսիսային Չինաստան՝ ամբողջությամբ վերցնելով Միջին Ասիան, իսկ առանց վերջինիս Ռուսաստանը չի կարող աշխարհաքաղաքական բևեռ լինել. Մեծ Թուրանի ընթացքը կասեցնողը մի սեպ է, որի անունը Հայաստան է:
Մեծ Թուրանի ճարտարապետների նպատակը սեպը չեզոքացնելն է, իսկ սեպը կչեզոքանա, եթե Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գա:
Այս ամենով պայմանավորված՝ ոչ ճշմարիտ հայամետները, որոնք իրականում ցեղասպանամետ են, քարոզում են հակառուսականություն:
Նայենք վերջին դեպքերին. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ պայմանագրից հետո Արցախը դիտարկվում է որպես լիարժեք ռուսական ազդեցության գոտի, իսկ այնտեղ ցանկացած անվտանգային և պաշտպանական խնդիր ուղիղ հարված է Ռուսաստանի դիրքերին ու հեղինակությանը:
Ցեղասպանամետները, հղում անելով վերջին դեպքերին, ասում են, որ «ռուս-թուրքական» տանդեմն արհեստական խնդիրներ է ստեղծում, որպեսզի զիջումներ կորզի հայկական կողմից, սրան, եթե բերում ես հակափաստարկ, իսկ տրամաբանությունն ու՞ր մնաց, եթե նման նպատակ կար, Հայաստանի սահմանին նման խնդիր կստեղծեին, այստեղ ամեն ինչ ավարտվում է, քանի որ իրենք էլ են հասկանում, թե ինչ են խոսում, բայց խոսում են, չէ՞ որ ԿՀՎ-ի տարածաշրջանային կուրատորն այդպես է ասել, իրենք էլ այդպես պիտի ասեն:
2018-ի մայիսից սկսած՝ Հայաստանում կա մեկ օրակարգ, որի ի կատար ածելուն շատ քիչ ժամանակ է մնացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը