Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․
Վերջին շրջանում իշխող թիմի և որոշ «ընդդիմադիր» շրջանակների բառապաշարում կրկին հայտնվեցին «անկախ և ինքնիշխան» բառերը, որ թարգմանաբար նշանակում է հակառուսականություն, գործնականում՝ հակառուսական և Հայաստանակործան նոր պրոցեսներ:
Անցած մի քանի օրերին այս թեմայով մի քանի կարևոր դրվագ եղավ, որը լռեցրեց ավագանու քարոզարշավը, Ծիծեռնակաբերդի ճանապարհը և նմանատիպ այլ բաներ:
ՀՀ երկրորդ դեմքը հանրայինում հարցազրույց է տալիս, տրտնջում ռուսներից, հայտարարում, որ Պուտինն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում(մառազմ է, բայց հավատացողները և այս թեզը տարածողները շատ են), Հայաստանը բացի պաշտպանողական զենքերից ունի նաև հարձակվողական զենքեր, իրենք ոչ արևմտյան կուրսն են տանում, ոչ ռուսական, իրենք հայկական շահն են պահում, վերջին արտահայտությունը նշանակում է Հայաստանը չունի դաշնակից և բաց է ադրբեջանական ագրեսիայի համար:
Սրան հետևում է առաջին դեմքի հարցազրույցը, որտեղ հնչած թեզերից նշենք կարևորները. Ռուսաստանն ունի զենքի և զինամթերքի կարիք և չի կարող օգնել Հայաստանին, Հայաստանի ռազմավարական ճարտարապետությունը սխալ է, քանի որ կառուցված է ռուսականի վրա, իրենք անհնարը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը դարձրել են հնարավոր, Թուրքիան կարող է երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Այսօր էլ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին:
Այս ամենը խոսում է մի քանի բանի մասին. նախ Նիկոլն Արևմուտքին ասում է. «Ինձ մի փոխեք, ես կարող եմ ձեզ համար դառնալ «Հայաստանի Զելենսկին» և կռվել մինչև վերջին հայը՝ հանուն «անկախ և ինքնիշխան Հայաստանի»», Արևմուտքը Հայաստանը փորձում է գրավել Ադրբեջանով(Թուրքիայով խաղալու դեպքում Ռուսաստանը կխառնվի և չի ստացվի), իսկ իշխանությունների ընտրած հակառուսական կուրսը չի թողնի Ռուսաստանին խառնվել հայ-ադրբեջանական բախմանը:
Նպատակը մեկն է՝ Հայաստանի լինելիության երաշխավոր Ռուսաստանին հանել տարածաշրջանից:
Այս ամենի համար Արևմուտքը և իր դրածոները զոհաբերեցին մեր հազարավոր հայրենակիցներին, Արցախի տարածքի 80 տոկոսը նվիրեցին Ադրբեջանին, 120 հազար հայի 21-րդ դարում մատնել են սովի և պատրաստ են զոհաբերել ընդհուպ Հայ ազգին և Հայաստանին, միայն թե Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից:
Իսկ այս դառն իրականությունը և ապագայում սպասվելիք արհավիրքները քողարկում են բազմաթիվ համերգներով, սև ու լուսավոր ասֆալտով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը