10 10 2024

Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք. Ազատ Ադամյան

Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք. Ազատ Ադամյան

Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնո՞ւմ են:

Առաջին հայացքից աբսուրդային է թվում, թե ինչպես կարող է Հայաստանի գրեթե կեսի չափ տարածք ունեցող Արցախը միտումնավոր կորցրած, հազարավոր հայորդիների «հանուն ոչնչի» զոհած Նիկոլի շահը համընկնի հայի և Հայաստանի շահի հետ:

Հիմա ավելի պարզ. դեպի Արևմուտք գնացող Հայաստանի ղեկավարը, եթե մեր օրերում լիներ Հայաստանը ծովից ծով հասցրած Տիգրան Մեծը, արդյունքը նույնն էր լինելու՝ չնչին տարբերությամբ:

Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, կամ քաղաքագիտական լեզվով՝ շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշված սցենարով, որտեղ Հայաստանն այս դաշինքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել այս դաշինքի թշնամի Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքին:

Այսինքն՝ Հայաստանը շարժվում է այն ուժերի սցենարով, որով Հայաստանը պետք է զոհաբերվի մեր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ պայքարում՝ Արցախի օրինակով: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով շարժվող Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդու հայրենազրկեց, դարձրեց տնավեր, որպեսզի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում , թուլացնի Ռուսաստանի դիրքերը: Այս ամենն արվեց «հանուն անկախության և ինքնիշխանության» կեղծ լոզունգով՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելով, թե իբր այս ամենն արվում է հանուն խաղաղության. սա է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի փափուկ ուժ կոչվածը:

Հայաստանն արցախյան սցենարից զերծ պահելու համար հարկավոր է կանգնեցնել պերմանենտ(շարունակական) հեղափոխությունը(արևմտականացումը, նատօ-ականացումը, վիլայեթացումը՝ ընկալումն ըստ ճաշակի, քանի որ բնույթով և բովանդակությամբ նույնն է):

Ցանկացած երկրի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն՝ արևմտյան սցենարն իրականացվում է Նիկոլի և Հայաստանի ուժայիններով, վերջիններս նաև Նիկոլին պահում են արևմտյան սցենարի ռելսերի մեջ:

Նիկոլը լավ հասկանում է՝ առանց իշխանության իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, երաշխավորված չէ իր իշխանության լինելը արևմտյան սցենարից շեղվելու պարագայում(որի զգուշացումը եղավ արդարադատության նախարարի հրաժարականի դեպքով՝ նատօ-ական հին գվարդիականի ձեռամբ), և վերջապես, որպես սևագործի ինչ-որ մի պահի Արևմուտքի կողմից կարող է զոհաբերվել՝ հետքերը մաքրելու, հասարակության մեջ եղած ատելության բարձր մակարդակը պարպելու և այդ ալիքի վրա նոր նատօ-ական բերելու համար:

Արդեն կարող ենք վերադառնալ «աբսուրդային մտքին»՝ հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ Հայաստանի ուժայինների դիվերսիֆիկացիայով, ասել է թե՝ հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, Հայաստան-Ռուսաստան դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ, կամ գոնե շտկել 2016 թվականի փետրվարը, երբ հակահետախուզություն իրականացնող գլխավոր կառույցը հայտնվեց ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի լիակատար ազդեցության ներքո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ