23 03 2022

Ի՞նչ արձագանք է տրվել Շուշիի տխրահռչակ համաձայնգարին․ Արամ Վարդևանյանը՝ ԱԳ նախարարին



Ցանկանում եմ կրկին բարձրաձայնել Արցախում ստեղծված վիճակի մասին։ Միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների ձևաչափով անդամ երկրներին ուղղակիորեն, հստակ պահաջ դնելով այս վիճակին րոպե առաջ վերջ տալ, որովհետև մենք խոսում ենք Արցախում հումանիտար աղետի մասին, աբուրդային անընդունելի, և միջազգային իրավունքի տեսանկյունից հանցանքի մասին, որը ետղի է ունենում Արցախում բնակվող 100 հազարավոր քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի հարցում ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, այդ դիրքորոշումն արտահայտված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում, որն արվել է 2021-ի հունիսին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցի, թե արդյոք ԱԳՆ–ն պատրաստվում է հանդես գալ նոր հայտարարությամբ։

«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ավելին ասեմ, իսկապես մենք տեսնում ենք արդեն որերորդ անգամ ճիշտ այնպիսի քաղաքականության դրսևորումներ, որը Դուք նկարագրեցիք, և սրան ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն է անդրադարձել և անդրադառնում։ Եվ կարծում եմ՝ տեղին է հիշատակել Հաագայի դատարանի միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը, որտեղ շատ հաստակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում դադարեցնել այդ քաղաքականությունը»,– ասաց նա:

Արձագանքելով՝ Արամ Վարդևանյանը ասաց, որ այն ժամանակ, երբ ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել  հայտարարությամբ և դրանով գնահատական տվել Շուշիի հռչակագրին, երբ այն եղել է զուտ հռչակագիր, ապա դրանից հետո իրավիճակ է փոխվել, քանի որ այն վավերացվել է, ստորագրվել և հիմա այն իրավաբանական ավելի բարձր մակարդակ է ստացել։ Այնուհետև պատգամավորը հարց հնչեցրեց, թե արդյոք դրան չպետք է հաջորդի ՀՀ ԱԳՆ մեկ այլ դիրքորոշում:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ պատգամավորի ասածի մեջ լուրջ տրամաբանություն կա: «Մենք պետք է հասկանանք, թե էլ ավելի դատապարտող, այսպես պայմանական կոչենք, էլ ավելի սուր գնահատական տվող հայտարարությունն ի՞նչ է ավելացնելու և ո՞ւմ օգտին այս խաղի մեջ, եթե սա կարելի է խաղ անվանել»,- ասաց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ