Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում:
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ 2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը