19 09 2018

Դասադուլ՝ «Թատերական ինստիտուտում»

Դասադուլ՝ «Թատերական ինստիտուտում»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն առավոտյան ժամը 10:00-ից դասադուլ են իրականացնում: Նրանք պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը։ Ուսանողները նաև պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը:

Բողոքի առիթ է եղել սեպտեմբերի 17 –ին ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել: «2012-2016 թթ-երին գրանցվել են մի շարք հաստիքներ, աշխատավարձ է բաշխվել, բայց փաստացի այդպես չի եղել: Պրոռեկտորի կինն ու պրոռեկտորի զարմիկը նույնպես գրանցվել են որպես աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,- նշեցին ուսանողները՝ ընդգծելով, որ բուհում իրենց պատշաճ պատասխան չի տրվում չարաշահումների վերաբերյալ, ոստիկանության հաղորդագրությունը չեն հերքում, բայց փորձում են «լղոզել»:

«Մենք հստակ պատասխանների ենք սպասում, հաշվետվության, մենք իրավունք ունենք հասկանալ, թե ինստիտուտում ինչ է կատարվում»,- ասաց ուսանողներից մեկը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը պարզել էր, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ